Արցախցիների սեփականության իրավունքի պաշտպանությունը ՄԻԵԴ֊ում

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբանների թիմը 2022 թվականի գարնանը, նախաձեռնելով Հադրութի շրջանից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իրականացրել է փաստերի հավաքագրում և այս պահին ՄԻԵԴ ներկայացրել արդեն 8 քաղաքացիների գործեր։

Այդ գանգատները ներկայացվել են ընդդեմ Ադրբեջանի՝ պահանջելով քաղաքացիներին պատճառված գույքային վնասների հատուցում։

Երեկ ՄԻԵԴ-ից ստացված նամակներով տեղեկացանք, որ այս պահին ուղարկված գործերից 3-ն արդեն իսկ գրանցվել են դատարանում և ստացել համարներ։

Սիրելի՛ արցախցիներ,

Եթե Դուք կորցրել եք ձեր սեփականությունը 44-օրյա պատերազմի արդյունքում և ցանկանում եք, որպեսզի մենք ներկայացնենք ձեր գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ անվճար, ապա կարող եք նամակ գրել tmatinyan@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ Ռազմավարական դատավարությունների կենտրոնի փաստաբան Տաթևիկ Մատինյանին։

 

Հրատարակված՝ Նորություններ-ում | Մեկնաբանությունները կասեցված են Արցախցիների սեփականության իրավունքի պաշտպանությունը ՄԻԵԴ֊ում-ում

Հաշվետվությունը ներկայացվել է կլոր սեղանի ընթացքում

Այսօր Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացված ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ զեկույցը։
«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում հավաքագրել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ։ Հավաքագրված փաստերի հիման վրա նամակներ են ուղարկվել ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի կառավարություններ և խորհրդարաններ՝ ազգային և համընդհանուր իրավասության (Universal Jurisdiction) ներքո քրեական հետապնդում սկսելու և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների դեմ անձնական տնտեսական պատժամիջոցներ կիրառելու նպատակով։
Զեկույցwւմ ամփոփված են բաց աղբյուրներում հրապարակած տեղեկությունները` այնպիսի միջազգային հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, «Freedom House»-ը, «Amnesty International»-ը և այլն, ինչպես նաև հանրահայտ միջազգային լրատվականների նյութերը, ինչպիսիք են BBC, Al Jazeera, Reuters, The Independent, France 24 և այլն:
Կլոր սեղանի ընթացքում ելույթներով հանդես եկան Ռազմավարական դատավարությունների կենտրոնի նախագահ Էդմոն Մարուքյանը, խորհրդի անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Զեկույցը ներկայացրեց Ռազմավարական դատավարությունների կենտրոնի խորհրդի անդամ, փաստաբան Ռուզաննա Ավագիմյանը։

44-DAY-WAR-REPORT

Հրատարակված՝ Նորություններ-ում | Մեկնաբանությունները կասեցված են Հաշվետվությունը ներկայացվել է կլոր սեղանի ընթացքում-ում

Աշխատանքային հանդիպում՝ ՄԻԵԴ դիմումների ներկայացման վերաբերյալ

«Միջազգային իրավական մեխանիզմները` հանուն ռազմական հանցագործների պատասխանատվության ենթարկման և սեփականության իրավունքի պաշտպանության» ծրագրի շրջանակներում այսօր ծրագրի ղեկավար Տաթևիկ Մատինյանն ու ծրագրի օգնական Մարիամ Խզմալյանը հանդիպում ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված միջպետական գանգատը՝ կապված 44-օրյա պատերազմի հետևանքների հետ և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ կողմից ՄԻԵԴ ներկայացվող անհատական գանգատները՝ 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով։

Հրատարակված՝ Գործունեություն-ում | Մեկնաբանությունները կասեցված են Աշխատանքային հանդիպում՝ ՄԻԵԴ դիմումների ներկայացման վերաբերյալ-ում

ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը փոփոխվել է

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո Մարդու իրավունքների եվրոպական Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս:
Այս նոր չորսամսյա ժամկետն ուժի մեջ Է մտնում 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվում է միայն այն դիմումների նկատմամբ, որոնցում վերջնական ներպետական որոշումը կայացվել է 2022 թ. փետրվարի 1-ին կամ այդ ամսաթվից հետո: Ժամկետի այս փոփոխությունը ընդունվել է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների կողմից։
Հրատարակված՝ Նորություններ-ում | Մեկնաբանությունները կասեցված են ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը փոփոխվել է-ում

Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռը մտավ ուժի մեջ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով սահմանված ժամկետում Մեծպալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը նշել է նաև, որ սույն որոշման կատարման ապահովումը Նախարարների կոմիտեի գործառույթն է։ Հիշեցնեմ, որ «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) գործով վճիռը կայացվել էր 2021 թվականի հուլիսի 22-ին։

Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը չէր տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ Արթուր Բադալյանի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ էին եկել անազատությունից ազատվելուց անմիջապես հետո որևէ կերպ կապված չեն պահման պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանը ստացել էր անազատության գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն եզրահանգել էր, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում:

Ավելին, Եվրոպական դատարանը, նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չէր ներկայացրել ապացուցելու Բադալյանի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չէին բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում Բդալյանի գործի վրա, և Ադրբեջանը չէր պնդել, որ Բադալյանի կալանավորումը համապատասխանում էր ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետերին կամ որ Բադալյանին տրամադրվել էր որևէ ընթացակարգային երաշխիք: Սույն գործով, ՄԻԵԴ պարտավորեցրել է Ադրբեջանի Հանրապետությանը Բադալյանին վճարել 30.000 եվրո փոխհատուցում որպես բարոկայան վնաս։

Հրատարակված՝ Նորություններ-ում | Մեկնաբանությունները կասեցված են Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռը մտավ ուժի մեջ-ում