«Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» դասընթացի մաս 4

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն 2012 թվականի փետրվարի 4-5-ն իրականացրեց երկօրյա դասընթաց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները և Կոնվենցիայի կից արձանագրությունները» խորագրով, որը կազմակերպված էր Լոռու մարզի փաստաբանների, պրակտիկ իրավաբանների և ԲՈՒՀ-երի իրավաբանական բարձր կուրսերի ուսանողների համար: Այն կազմակերպված էր «Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Հայաստանում Ամերիկայի դեսպանաության հանրային կապերի բաժնի և USAAA-ի կողմից:
Դասընթացի շրջանակներում կոնկրետ գործերի օրինակներով քննարկվել են Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք նախատեսում են պատիժ` բացառապես օրենքի հիման վրա, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը և մտքի, խղճի և կրոնի ազատությունը, ինչպես նաև այն բոլոր իրավունքներն ու ընթացակարգերը, որոնք արձանագրությունների տեսքով համալրել են Կոնվենցիան:
Քննարկվեց նաև փաստաբանների վարույթում գտնվող գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու հնարավոր տարբերակները:
Փաստաբանների առաջարկով քննարկվեց նաև ՀՀ փաստաբանության մասին օրենքում տեղ գտած վերջին փոփոխությունները:
Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին գիտելիքի գնահատման թերթիկներ` դասընթացի արդյունավետությունը չափելի դարձնելու նպատակով: