2017 թվականի օգոստոսի 21 -ին Վճռաբեկ դատարանը արձանագրում էր, որ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության։
20. Անդրադառնալով Սպարտակ Մանուչարյանի խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Ս.Մանուչարյանին վերագրված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը և շարժառիթը, արձանագրում է, որ Ս.Մանուչարյանը, մինչև գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը։
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=criminal