ՀՀ կողմից Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունների իրականացման մոնիթորինգի արդյունքների հաշվետվության շնորհանդես

Սույն թվականի մայիսի 29-ին տեղի ունեցավ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ  «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ-ի կողմից իրականացված «ՀՀ կողմից Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) առաջարկությունների իրականացման մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում պատրաստված հաշվետվության շնորհանդեսը: Շնորհանդեսի  նպատակն էր ներկայացնել ծրագրի ընթացքում իրականացված մոնիթորինգի և հետազոտությունների արդյունքները հաշվետվության տեսքով` այդպիսով հասարկության ուշադրությունը գրավելով պետության կողմից ստանձնված պարտավորությունների կատարման ընթացքին:
Ծրագրի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել են ԽԿԿ պատվիրակության այցելությունների արդյունքում կազմված զեկույցներն ու առանձնացվել են նրանցում տեղ գտած առաջարկությունները: Այնուհետև դիտարկվել են ՀՀ Կառավարության կողմից ներկայացված պատասխանները և հարցումներ են ուղարկվել ՀՀ համապատասխան մարմիններին` նպատակ ունենալով հավելյալ տեղեկություններ ստանալ ԽԿԿ առաջարկությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Շնորհանդեսին ներկա էին Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության անդամներ, հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ,  հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-երի ներկայացուցիչներ և այլն:
Հաշվետվությունը կարող է օգտակար լինել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, ՀՀ փակ և կիսափակ հաստատություններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբերի, փակ և կիսափակ հաստատությունների աշխատողների, փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և անձանց, ինչպես նաև միջազգային կառույցների համար:

Ներբեռնեք հաշվետվության PDF տարբերակը (CPT Report Analysis arm)