Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ

2021 թվականի հուլիսի 22-ին հրապարակվել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) վճիռը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործին նեգրավվել է որպես երրորդ կողմ և համապատասխանաբար ներկայացրել է իր դիտարկումները:

Գործը վերաբերում է նրան, որ ադրբեջանական ուժերը ձերբակալել են դիմումատուին հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում և 22 ամիս պահել են անազատության մեջ։

Հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելք)՝ դիմումատուն պնդել է, որ ձերբակալման ընթացքում ենթարկվել է վատ վերաբերմունքի, որը կալանքից ազատվելուց անմիջապես հետո վերջինիս մոտ առաջացրել է լուրջ հոգեկան խնդիրներ։

Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն դիմումատուի պահման վայրի, կալանքի պայմանների և ընտրված կարգի մասին կալանքի տակ գտնվելու ամբողջ ընթացքում:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ դիմումատուի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ են եկել կալանքից ազատվելուց անմիջապես հետո որևէ կերպ կապված չեն կալանքի պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը դիմումատուն ստացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Ավելին, հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)՝ դիմումատուն պնդել է, որ իր ձերբակալումը եղել է անօրինական։ Նա մասնավորապես պնդել է, որ որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե ռազմագերի պետք է անմիջապես ազատ արձակվեր կամ իրեն հասկանալի լեզվով անմիջապես տեղեկացվեր կալանքի պատճառների մասին, տարվեր դատավորի մոտ և հնարավորություն տրվեր վիճարկել կալանավորման որոշումը։

Ադրբեջանի կառավարությունը պնդել էր, որ դիմումատուն կալանավորված է եղել որպես ռազմագերի։ Հասյատանի Հանրապետությունը, հանդես գալով որպես երրորդ կողմ և ներկայացնելով իր դիրքորոշումը, պնդել էր, որ տեղի է ունեցել դիմումատուի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով։

Եվրոպական դատարանը, համաձայնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված դիրքորոշման հետ, նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չի ներկայացրել ապացուցելու դիմումատուի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չեն բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում դիմումատուի գործի վրա, և պատասխանող Կառավարությունը չի պնդել, որ նրա կալանավորումը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետերին կամ դիմումատուին տրամադրվել է որևէ ընթացակարգային երաշխիք:

 

http://hudoc.echr.coe.int/eng?i=001-211103

Մանուչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը նոր քննության շրջանակներում

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննության առնելով Սպարտակ Մանուչարյանի գործը նոր քննության շրջանակնորում, 2020թվականի դեկտեմբերի 25-ին կայացրեց որոշում, համաձայն որի Ամբաստանյալ Սպարտակ Հենրիկի Մանուչարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով:
Սպարտակ Հենրիկի Մանուչարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի հիման վրա նրան ազատել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:

 

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=criminal

Մանուչարյանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի վճիռը

2017 թվականի օգոստոսի 21 -ին Վճռաբեկ դատարանը արձանագրում էր, որ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության։
20. Անդրադառնալով Սպարտակ Մանուչարյանի խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Ս.Մանուչարյանին վերագրված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը և շարժառիթը, արձանագրում է, որ Ս.Մանուչարյանը, մինչև գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը։

 

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=criminal

Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ

2016 թվականի նոյեմբերի 24 -ին Դատարանը միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել Մարու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 6 -րդ հոդվածի 3 -րդ մասի «դ» կետի խախտում ՝ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով, և որ պատասխանող պետությունը Դիմումատուին պետք է վճարի Կոնվենցիայի 44 -րդ հոդվածի 2 -րդ մասի համաձայն `վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում` 2400 եվրո (երկու հազար չորս հարյուր եվրո):

Դատարանն արձանագրել էր, որ ինչպես արդեն նշվել է, Ք. Մ.-ն եղել է հանցագործության միակ ականատես վկան: Նա ճանաչել է դիմումատուին, ով եղել է իր հարևանը, և մատնացույց է արել նրան ոստիկանության կողմից հարցաքննության ժամանակ (տե՛ս վերևում` 9-րդ պարբերությունը): Կասկածի տակ չի կարող դրվել այն հանգամանքը, որ Ք. Մ.-ի ցուցմունքը միակ ապացույցը չէ, որի վրա հիմնվել է դիմումատուի դատապարտումը: Այնուամենայնիվ, վկայի մինչդատական ցուցմունքը միակ ուղղակի ապացույցն է, որը հիմնավորում է այն հայտարարությունը, որ դիմումատուն է կրակ արձակել Կ. Ս.-ի ավտոմեքենայի վրա: Այդ իմաստով դիմումատուի գործում Ք. Մ.-ն կարող է դիտարկվել որպես մեղադրող կողմի հիմնական վկա: Ինչ վերաբերում է ապացույցների մնացած մասին, Ս. Ս.-ի ցուցմունքը զուտ ապացուցում է, որ Կ. Ս.-ի և դիմումատուի միջև առկա են եղել լարված հարաբերություններ, մինչդեռ Ք. Մ.-ի ծնողների` Ա. Մ.-ի և Ս. Մ.-ի ցուցմունքները հիմնված են եղել դեպքերի մասին Ք. Մ.-ի տված ցուցմունքների վրա (տե՛ս վերևում` 12-րդ և 11-րդ պարբերությունները): Ճշմարիտ է այն հանգամանքը, որ Վ. Ջ.-ի ցուցմունքը, որը նա վերահաստատել է առերես հարցաքննության ժամանակ, հակասում է դիմումատուի պաշտպանական ցուցմունքին այն մասին, որ հանցագործության կատարման ժամանակ նա եղել է Վ. Ջ.-ի տանը (տե՛ս վերևում` 15-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, միայն Վ. Ջ.-ի ցուցմունքն առանձին չի ապացուցում, որ ավտոմեքենայի վրա կրակ արձակողը եղել է դիմումատուն և ոչ թե նրա եղբայրը, ինչպես նշել էր դիմումատուն իր խոստովանական ցուցմունքից հրաժարվելուց հետո: Կառավարությունը չի կարողացել հիմնավորել, որ մնացած բոլոր ապացույցները, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությունը բավարար են որոշիչ կերպով պնդելու համար, որ հանցագործությունը կատարվել է դիմումատուի և ոչ թե մեկ այլ անձի, օրինակ` նրա եղբոր կողմից: Օրինակ, ներպետական դատարանների վճիռներից չի բխում, որ դեպքի օրը դիմումատուի հագին եղած հագուստի վրա կրակոցի` դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված հետքերն ապացուցում են, որ կրակոցների հեղինակը եղել է նա: Վերոնշյալից ելնելով` Դատարանը գտնում է, որ դիմումատուի դատապարտման համար որոշիչ են եղել քննությունից բացակայող վկա Ք. Մ.-ի ցուցմունքները: