«Միջազգային իրավական մեխանիզմները` հանուն ռազմական հանցագործների պատասխանատվության ենթարկման և սեփականության իրավունքի պաշտպանության» ծրագրի շրջանակներում այսօր ծրագրի ղեկավար Տաթևիկ Մատինյանն ու ծրագրի օգնական Մարիամ Խզմալյանը հանդիպում ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված միջպետական գանգատը՝ կապված 44-օրյա պատերազմի հետևանքների հետ և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ կողմից ՄԻԵԴ ներկայացվող անհատական գանգատները՝ 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով։
Գործունեություն
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից կազմակերպված պատերազմական հանցագործությունները
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները
«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ն իրավապաշտպան ՀԿ է, որն իր գործունեության ընթացքում առանցքային ուղղություն է համարում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2016թ․ Քառօրյա և 2020թ․ Քառասունչորսօրյա պատերազմների, ռազմական ագրեսիայի ժամանակ և բուն պատերազմական գործողություններից հետո տեղի ունեցած և մինչ օրս շարունակվող պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստաթղթավորումը, միջազգային իրավապաշտպան կառույցների ներկայացնելու, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ ներկայացուցիչներին համընդհանուր իրավազորության (անգլ.՝ Universal Jurisdiction) շրջանակներում արտերկրում հետապնդելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հասնելու նրան, որ նրանց նկատմամբ կիրառվեն թիրախային անհատական սանկցիաներ՝ արտերկրում պահվող նրանց հսկայածավալ ֆինանսական միջոցների, շարժական և անշարժ գույքի ծագման աղբյուրների ստուգման, սառեցման, Արևմտյան երկրների տարածք մուտքի արգելքի և/կամ այլ տեսքով։
Կազմակերպությունն աշխատանք է տանելու հետևյալ 2 ուղղություններով՝
ա) հասնել համընդհանուր իրավազորության շրջանակներում տարբեր երկրների գլխավոր դատախազություններում կամ այլ համապատասխան իրավապահ մարմիններում քրեական գործերի հարուցմանը, քանի որ դա ենք այժմ տեսնում որպես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների համար համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու միակ ճանապարհ,
բ) հասնել Արևմուտքի կողմից թիրախային սանկցիաների կիրառմանը՝ սառեցնելով նշյալ անձանց միջոցներն այդ երկրներում։
Այստեղ ընդգծենք, որ միջազգային իրավունքի համատեքստում արտադատական ընթացակարգով մահապատժի ենթարկումը (անգլ.՝ extrajudicial execution, extrajudicial killing) կարող է դիտարկվել որպես պատերազմական հանցագործություն զինված ընդհարումների ժամանակ։ Դրանք կարող են նաև համարվել ցեղասպանություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն որոշակի կոնտեքստում և եթե դրանք դառնում են ընդհանուր պրակտիկայի մաս։
Այսինքն, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց խոշտանգումներն ու սպանությունները, պատերազմական գործողությունների ընթացքում կամ դրանցից դուրս իրականացված գլխատումներն ու այլ դաժանությունները, գերի ընկած անձանց գերության մեջ սպանելն ու նրանց որպես պատերազմում զոհված ներկայացնելը, վարձկան զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին, քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակների, քաղաքացիական օբյեկտների նկատմամբ կասետային ռումբերի կիրառությունը կարող են դառնալ քննության առարկա՝ որպես պատերազմական հանցագործություն կամ արտադատական ընթացակարգով մահապատժի ենթարկում՝ համապատասխան իրավական հետևանքներով ոչ միայն անձամբ իրագործողների, այլ նաև այդ գործողությունները կազմակերպած ադրբեջանցի հրամանատարների ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության համար։
Գոյություն ունեն միջազգային կազմակերպություններ, որոնք պայքարում են Ժնևյան կոնվենցիաների այս տեսակի կոպտագույն խախտումների դեմ, որոնցից է օրինակ՝ «Trial International»-ը, որը նաև սերտ համագործակցություն ունի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ։
Կազմակերպությունն օգտագործելու է հնարավոր բոլոր ռեսուրսները՝ աշխատանք տանելու համապատասխան երկրների քաղաքական ուժերի և իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք աջակցեն վերոնշյալ նպատակների իրականացմանը։