2011 թվականի դեկտեմբերի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվեց 2001–2011 թվականների ընթացքում նախաձեռնված և իրականացված դատական գործերի ձեռնարկը:
Ուսումնասիրությունն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» ձեռնարկում ներառված է տասը տարիների ընթացքում կազմակերպության կողմից նախաձեռնած քսան դատական գործերի վերլուծությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ կազմակերպության կողմից դատական գործերի նախաձեռումը շարունակական է լինելու և հնարավորություն կլինի ձեռնարկի երկրորդ հատորի հրատարակման, որում տեղ կգտնեն ներկայումս ընթացքի մեջ գտնվող շուրջ 25 դատական գործեր:
Նա նաև նշեց. «Մենք չենք հավակնում փոխարինել փաստաբանական ինստիտուտներին, բայց որոշակի օրինակի ուժը շատ կարևոր ենք համարում փաստաբանական իստիտուտի խթանման համար»:
Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը նշեց. «Մեր մոտ մոտեցում կա, որ հաճախ չենք ֆինանսավորում հետազոտոտական աշխատանքներ, որոնց արդյունքը լինում են գրքեր, որոնք գրադարանում մնում են և փոշի հավաքում: Ֆինանսավորման պատճառներից մեկ այն է, որ մենք ճանաչում ենք Արթուր Սաքունցին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին: Գիտենք, որ նմանատիպ հետազոտությունը կդառնա քարտեզ հետագա ակտիվիզմի և հետագա իրավական գործունեության համար: Նմանատիպ գործունեությունը ոչ թե պետք է հասանելի լինի մեզ, այլ պետք է լինի հասանելի ավելի լայն, ոչ մասնագիտական զանգվածի»:
«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակին սերտ համագործակցության և վերջին տասը տարիներին իրենց կարևորագույն նախադեպային գործերով մատակարարելու համար: «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ունիկալ դեր է խաղացել՝ հանդիսանալով ֆիլտր, մարդկանց ընդունելով և ֆիլտրացնելով, նախադեպային գործերն ընտրելով և տալով մեզ, որպեսզի այդ գործերը մենք վարենք, սա շատ լուրջ աշխատանք է»,- նշեց նա: Է. Մարուքյանը նաև ավելացրեց, որ ձեռնարկում ներկայացվել են գործեր, որոնք վարվել են իր, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանների և փաստաբան Կարեն Թումանյանի կողմից և ներկայացրեց իր կողմից վարված հինգ նախադեպային գործերը:
Անդրադառնալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության գործին՝ Է. Մարուքյանը նշեց, որ առաջին գործերից է, որ հայտ ներկայացվեց ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Խոսքը վերաբերում էր «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի դրույթներին:
Է. Մարուքյանը նշեց. «Դատաքննությունն այն նշանակությունն ունեցավ, որ նրա շարունակությունը բերեց նրան, որ գաղտնի տեղեկատվության ցանկերը փոփոխվել են և այն տեղեկատվությունները, որոնք ժամանակին գաղտնիք էին և դատարանի միջոցով չէինք կարող ստանալ, այժմ կարող ենք ստանալ հարցումների միջոցով»:
«Արնի Քընսալթ» ՍՊԸ տնօրեն, իրավաբան, ծրագրի փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ օբյեկտիվ գնահատելու համար մշակվել են չափանիշներ, որոնք հնարավորություն են տվել պարզելու, թե նախադեպային իրավունքն ինչ ազդեցություն է թողել ներպետական իրավունքի և դատական պրակտիկայի զարգացման վրա, ինչպես նաև տեսնել, թե տվյալ անձի խախտված իրավունքը վերականգնվել է, թե ոչ:
Ըստ նրա՝ ուսումնասիրվել են քսան դատական գործեր՝ քրեական, քաղաքացիական և վարչական, որոնքը վերաբերել են աշխատանքային իրավունքի, հանրահավաքների իրավունքի, տեղեկատվության ազատության իրավունքի խախտմանը և այլն:
Ա. Ղազարյանը նշեց, որ հետազոտված դատավարություններից 4-ը /21%/ վճռորոշ ազդեցություն է ունեցել, 10-ը /50%/՝ կարևոր, 6-ը /31%/՝ որևէ ազդեցություն չի ունեցել, իսկ բացասական հետևանք ոչ մի դատավարություն չի առաջացրել: Ինչ վերաբերում է խախտված իրավունքի վերականգմանը, 20 գործից 7-ում ամբողջովին վերականգնվել է խախտված իրավունքը, 2-ի դեպքում մասամբ է վերականգնվել և 10-ի դեպքում չի վերականգնվել:
Իրավապաշտպան, ծրագրի փորձագետ Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ռազմավարական դատավարությունը: Ըստ նրա՝ ընտրվում է զոհ, որը համապատասխանում է ռազմավարական դատավարության չափանիշներին և տարվում հետևողական գործընթաց բարենպաստ կամ նպատակին ծառայող ակտի կայացմանը հասնելու նպատակով: Ռազմավարական դատավարության արդյունքում կարող է լինել նաև տակտիկական հաղթանակ: Դրա օրինակ է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության գործը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարտվեց բուն դատական գործում, սակայն այդ պարտությունը բերեց նրան, որ ՊՆ-ն և այլ գերատեսչություններ սկսեցին փոխել իրենց վերաբերմունքը պետական գաղտնիքի հետ կապված հարցերում: Չնայած Վարչական դատարանը չնեղացրեց ՊՆ-ին, կայացրեց անարդար դատական ակտ, սակայն դրանից հետո ՊՆ-ն անում է այնպես, ինչպես ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Այստեղ նշվել է տակտիկական հաղթանակ, ուրեմն կարևոր է նկատել, որ ռազմավարական դատավարությունը երբեք բացասական ազդեցություն չի ունենում:
Արտակ Զեյնալյանը վերջում ավելացրեց, որ ժամանակն է Հայաստանի իրապաշտպան հասարակությունում մշակվի ռազմավարական դատավարության չափանիշներ, փորձը հանձնվի թղթին, որպեսզի այս ուղղությունը զարգանա:
Աղբյուրը` http://www.hcav.am/articles.php/language_arm/date_2011-12-15/article_4401/page.html: