Այսօր հայ իրավաբանների ջանքերով համընդհանուր արդարադատության սկզբունքներով առաջնորդնելով 226 էջանոց փաստարկված դիմում է ներկայացվել Գերմանիայի Դաշնության գլխավոր դատախազին՝ Ադրբեջանական բարձրաստիճան անձնաց քրեական հետապնդման ենթարկում նպատակով՝ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ թույլ տրված ռազմական հանցագործությունների համար։
Նորություններ
Այսօր ՄԻԵԴ֊ն կայացրեց Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՌԴԿ հիմնադիր Էդմոն Մարուքյանի կողմից 2009թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված հայցը՝ Լ. Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության բավարարվել է։
Եվրոպական դատարանը, մասնավորապես, հանգել է այն եզրակացության, որ գործով հայցվոր Լևոն Բարսեղյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքն անօրինական է սահմանափակվել, երբ 2008թ. մարտի 2-ին նրան ոստիկանությունը թույլ չի տվել խաղաղ հավաք անցկացնել Գյումրիում՝ այն պարագայում, երբ արտակարգ դրությունը հայտարարված է եղել միայն մայրաքաղաքում։ Ընդ որում, Եվրոպական դատարանը հանգել է այն եզրակացության, որ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի կողմից Լ. Բարսեղյանի նկատմամբ կիրառված միջոցներն անհամաչափ են եղել. որևէ ապացույց չի ներկայացվել առ այն, որ Լ. Բարսեղյանը դիտավորություն է ունեցել Գյումրիում անցկացնել չարտոնված հանրահավաք (ցույց)։
Եվրոպական դատարանի 2021թ. սեպտեմբերի 21-ի որոշմամբ (գանգատ No. 17804/09)՝ պետությունը պետք է ՄԻԵԴ ակտը վերջնական դառնալու պահից 3 ամսվա ընթացքում 1.500 եվրո վճարի Լ. Բարսեղյանին՝ որպես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում։
https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22\%22CASE%20OF%20BARSEGHYAN%20v.%20ARMENIA\%22%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-211814%22]}
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից 15-րդ արձանագրությունը մտել է ուժի մեջ
Այսօր դատարանը կայացրեց Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ
Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի (Application no. 51295/11) վճիռը, որում հաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խոշտանգումների ենթարկելով Արթուր Բադալյանին և նրան անօրինական ազատությունից զրկելով՝ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածները։ Արթուր Բադալյանը քաղաքացիական անձ է, ով 2009 թվականի մայիսի 9-ին սունկ հավաքելիս մոլորվել էր Բերդի հարակից անտառներում և հայտնվել ադրբեջանական գերության մեջ։ Նա հայակական կողմին է հանձնվել գերության մեջ 22 ամիս անց կացնելուց հետո, ինչի արդյունքում էլ այնտեղ կրած խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արդյունքում ստացել է հոգեկան առողջության խանգարում։ Ադրբեջանում անց կացված 22 ամիս գերության ընթացքում Բադալյանին պահել են տարբեր ռազմական հաստատություններում: Նա պնդում է, որ իրեն բավարար քանակությամբ սնունդ չեն տվել և հաճախ թույլ չեն տվել զուգարան գնալ՝ այդպիսով ստիպելով նրան հոգալ իր կարիքները դրա համար չկահավորված խցում: Ավելին, նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի, քանի որ համարվել է, որ նա զինվորական է, և պարբերաբար ճնշումների էր երթարկվում՝ զինվորական տեղեկատվություններ տրամադրելու համար: Նրան հաճախ էին ծեծում ոտքերին, որպեսզի չկարողանա զգալ կամ շարժել դրանք: Էլեկտրական լարերը միացվում էին նրա մատներին և հոսանքահարում մարմինը՝ ուժեղ ցավեր պատճառելով: Նրա խցի դուռը հարվածում էին մետաղական առարկաներով, ինչի արդյունքում նա այժմ տառապում է լսողության խանգարմամբ:Բադալյանի գործը ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Մատինյանը՝ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կամակերպության միջոցով։ Այսպիսով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մեջ ասվում է, որ դիմումատուն կարողացել է հաստատել prima facie դեպք, առ այն, որ նրա ստացված հոգեկան առողջության խանգարումները, որոնք հայտնաբերվել են ազատ արձակվելուց անմիջապես հետո, կապված են պատասխանող պետության կողմից գերության մեջ գտնվելու ժամանակի հետ: Դատարանը նաև նշում է, որ Ադրբեջանը, չի տրամադրել տեղեկություններ Բադալյանի կալանքի վայրերի, նրա կալանքի պայմանների և առօրյա ռեժիմի մասին, որին նա ենթարկվել է անազատության մեջ: Այն փաստը, որ դիմումատուի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն երբևէ չի հասել նրա ընտանիքին նախքան ԿԽՄԿ-ի կողմից որպես գերի գրանցվելը, նախնական կալանքից գրեթե մեկ տարի և վեց ամիս անց (տե՛ս վերը նշված 4-րդ պարբերությունը), նույնպես փաստ է, որից կարելի է եզրակացություններ անել Բադալյանի նկատմամբ վերաբերմունքի ձևի և դրա հետևանքների մասին։ Արդյունքում, Դատարանը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եցրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում և, որ Ադրբեջանը պետք է Բադալյանին որպես փոխհատուցում տրամադրի 30.000 եվրո գումար։ Ադրբեջանը կարող է այս որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատ երեք ամսվա ընթացքում։
Սույն գանգատը ներկայացվել է ՄԻԵԴ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ իրավաբաններ Էդմոն Մարուքյանի և Տաթևիկ Մատինյանի կողմից։
Այսօր ՄԻԵԴ կայացրեց Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում
2016 թվականի նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշեց, որ Սպարտակ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով (դիմում no. 35688/11) տեղի է ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6 § 1- խախտում 6 § 3 (դ) կետի հետ համատեղ:
Գործը ՄԻԵԴ էր ուղարկվել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնագետներ Տաթևիկ Մատինյանի և Էդմոն Մարուքյանի կողմից:
2009 թվականի հուլիսի 1-ին Կ.Ս. սպանության փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Վերջինս սպանվել էր նույն օրը 01:30-ին` Ալավերդի քաղաքում: Դիմումատու Ս. Մանուչարյանը նշված օրը ներկայացել էր ոստիկանություն` հանձնել զենքը և խոստովանական ցուցմունք տվել: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել սպանության և անօրինական զենք կրելու համար: Նույն օրը ոստիկանությունը բացատրություն է վերցրել սպանվածի ընկերուհուց` Կ.Մ.-ից, ով գտնվել է դեպքի վայրում: Կ.Մ. հայտնել էր, որ հայհեյելուց ու բղավելուց հետո իր հարևան Մանուչարյանը կրակել է Կ.Ս.-ի մեքենայի ուղղությամբ, որի մեջ էր գտնվում այս պահին նաև Կ.Մ.-ն: 2009թ. հուլիսի 3-ին հարցաքննվել է նաև Մանուչարյանը, ով սակայն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ: 2010թ. հունվարի 14-ին դիմումատուի եղբայրը սպանվել է: 2010 թ. մարտի 9-ին լրացուցիչ ցուցմունք տալով Սպարտակ Մանուչարյանը հայտնել է, որ սպանությունը կատարվել է ոչ թե իր այլ եղբոր կողմից, իսկ ինքը խոստովանական ցուցմունք է տվել, որպեսզի մեղադրանք չառաջադրվի իր եղբորը, ով այդ պահին ուներ նորածին երեխա և հոգ էր տանում իրենց ծնողների մասին, սակայն եղբոր մահից հետո այլևս անիմաստ է շարունակել լռելը:
Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը 2 անգամ հետաձգվել էր և բերման ենթարկելու կարգադրություն կայացվել, որպեսզի ապահովվի Կ.Մ.-ի մասնակցությունը դատական նիստերին, սակայն ոստիկանության ներկայացուցիչների կողմից վերջինիս բնակարան այցելություն կատարելու պահին նա չի եղել տան, իսկ մայրը հայտարարել է, որ դուստրը գտնվում է արտերկրում, ինչից հետո դատարանը որոշում է կայացրել կատարել գործի քննություն առանց Կ.Մ. մասնակցության: 2010 թ. նոյեմբերի 10-ին Մանուչարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարվեց ազատազրկման 13 տարի ժամկետով: Այժմ նա պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:
Մեղադրանքի հիմքում ներպետական դատարանը դրել է սպանվածի ընկերուհու բացատրությունը, ով երբևէ չի հարցաքննվել դատավարական որևէ կարգավիճակում կամ դատարանում, ինչի արդյունքում խախտվել է Մանուչարյանի պաշտպանական իրավունքը` հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տվող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննության ենթարկվեն, եւ իրավունք ունենալ կանչելու ու հարցաքննելու իր վկաներին նույն այն պայմաններով, ինչ իր դեմ ցուցում տված վկաները:
ՄԻԵԴ արձանագրելով, որ տեղի է ունեցել խախտում միևնույն ժամանակ հստակեցրել է, որ վկայի բացակայության համար հիմնավոր պատճառների առկայությունը ինքնին դեռևս արդար դատաքննության իրավունքի խախտում չի հանդիսանում, սակայն այն շատ կարևոր հանգամանք է դատաքննության ընդհանուր արդարացիությունը գնահատելու համար:
Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի մտահոգությունն էր պարզել` արդյոք գործն ամբողջությամբ արդարացի է եղել` Դատարանը ոչ միայն պետք է ստուգի իրարամերժ «հակակշիռ» գործոնների բավարար առկայությունն այս գործում, որտեղ բացակա վկայի վկայությունը դիմումատուի դատապարտման բացարձակ և որոշիչ հիմքն է հանդիսացել, այլ նաև բացահայտի` արդյոք խնդրո առարկա վկայությունն իրականում բացարձակ և որոշիչ դեր կարող է ունենալ: Ինչևէ, սույն գործում այն զգալի կշիռ է ունեցել և դրա ընդունմամբ խոչընդոտել դիմումատուի պաշտպանությանը: Որպեսզի դատաքննությունը համարվի արդար անհրաժեշտ է, որ հակակշռով ապացույցները լինեն նույնչափ ծանրակշիռ, որքան բացակա վկայի տված ցուցմունքներն են: Որքան կարևոր են ապացույցները, այնքան ծանրակշիռ պետք է լինեն հակակշռող հանգամանքները, որպեսզի դատաքննությունն իր ամբողջության մեջ դիտարկվի որպես արդար (տես Seton v. the United Kingdom, no. 55287/10, § 59, 31 մարտ 2016):
ՄԻԵԴ պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը հօգուտ Մանուչարյանի փոխանցել 2,400 եվրո փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող պետության համար պարտավորություն է սահմանել կատարել ներպետական օրենսդրության համապատասխան բարեփոխումներ, որոնք վերջ կդնեն նմանատիպ խախտումներին ներպետական մակարդակում և կվերականգնեն իրավիճակը` բերելով այն նախքան խախտումը տեղի ունենալու կարգավիճակին (տես Scozzari and Giunta v. Italy [GC], nos. 39221/98 and 41963/98, § 249, ECHR 2000‑VIII; Ilaşcu and Others v. Moldova and Russia [GC], no. 48787/99, § 487, ECHR 2004‑VII; and Lungoci v. Romania, no. 62710/00, § 55, 26 January 2006): ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտման դեպքում դիմումատուի իրավունքները պետք է վերանագնվեն` նրա կարգավիճակը բերելով այնտեղ, որտեղ դեռևս տեղի չէր ունեցել նրա իրավունքի խախտումը (տես mutatis mutandis, Sejdovic v. Italy [GC], no. 56581/00, § 127, ECHR 2006‑II, and Yanakiev v. Bulgaria, no. 40476/98, § 89, 10 August 2006): Դատարանը վկայակոչել է նախկին նմանատիպ գործ, որով խախտման վերացման համար լավագույն միջոցն է գործի վերաբացումը և վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ (տես Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, դիմում no. 8088/05, § 104, 10 ապրիլ 2012):