Արցախցիների սեփականության իրավունքի պաշտպանությունը ՄԻԵԴ֊ում

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբանների թիմը 2022 թվականի գարնանը, նախաձեռնելով Հադրութի շրջանից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իրականացրել է փաստերի հավաքագրում և այս պահին ՄԻԵԴ ներկայացրել արդեն 8 քաղաքացիների գործեր։

Այդ գանգատները ներկայացվել են ընդդեմ Ադրբեջանի՝ պահանջելով քաղաքացիներին պատճառված գույքային վնասների հատուցում։

Երեկ ՄԻԵԴ-ից ստացված նամակներով տեղեկացանք, որ այս պահին ուղարկված գործերից 3-ն արդեն իսկ գրանցվել են դատարանում և ստացել համարներ։

Սիրելի՛ արցախցիներ,

Եթե Դուք կորցրել եք ձեր սեփականությունը 44-օրյա պատերազմի արդյունքում և ցանկանում եք, որպեսզի մենք ներկայացնենք ձեր գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ անվճար, ապա կարող եք նամակ գրել tmatinyan@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ Ռազմավարական դատավարությունների կենտրոնի փաստաբան Տաթևիկ Մատինյանին։

 

Հաշվետվությունը ներկայացվել է կլոր սեղանի ընթացքում

Այսօր Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացված ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ զեկույցը։
«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում հավաքագրել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ։ Հավաքագրված փաստերի հիման վրա նամակներ են ուղարկվել ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի կառավարություններ և խորհրդարաններ՝ ազգային և համընդհանուր իրավասության (Universal Jurisdiction) ներքո քրեական հետապնդում սկսելու և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների դեմ անձնական տնտեսական պատժամիջոցներ կիրառելու նպատակով։
Զեկույցwւմ ամփոփված են բաց աղբյուրներում հրապարակած տեղեկությունները` այնպիսի միջազգային հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, «Freedom House»-ը, «Amnesty International»-ը և այլն, ինչպես նաև հանրահայտ միջազգային լրատվականների նյութերը, ինչպիսիք են BBC, Al Jazeera, Reuters, The Independent, France 24 և այլն:
Կլոր սեղանի ընթացքում ելույթներով հանդես եկան Ռազմավարական դատավարությունների կենտրոնի նախագահ Էդմոն Մարուքյանը, խորհրդի անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Զեկույցը ներկայացրեց Ռազմավարական դատավարությունների կենտրոնի խորհրդի անդամ, փաստաբան Ռուզաննա Ավագիմյանը։

44-DAY-WAR-REPORT

ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը փոփոխվել է

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո Մարդու իրավունքների եվրոպական Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս:
Այս նոր չորսամսյա ժամկետն ուժի մեջ Է մտնում 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվում է միայն այն դիմումների նկատմամբ, որոնցում վերջնական ներպետական որոշումը կայացվել է 2022 թ. փետրվարի 1-ին կամ այդ ամսաթվից հետո: Ժամկետի այս փոփոխությունը ընդունվել է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների կողմից։

Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռը մտավ ուժի մեջ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով սահմանված ժամկետում Մեծպալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը նշել է նաև, որ սույն որոշման կատարման ապահովումը Նախարարների կոմիտեի գործառույթն է։ Հիշեցնեմ, որ «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) գործով վճիռը կայացվել էր 2021 թվականի հուլիսի 22-ին։

Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը չէր տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ Արթուր Բադալյանի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ էին եկել անազատությունից ազատվելուց անմիջապես հետո որևէ կերպ կապված չեն պահման պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանը ստացել էր անազատության գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն եզրահանգել էր, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում:

Ավելին, Եվրոպական դատարանը, նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չէր ներկայացրել ապացուցելու Բադալյանի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չէին բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում Բդալյանի գործի վրա, և Ադրբեջանը չէր պնդել, որ Բադալյանի կալանավորումը համապատասխանում էր ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետերին կամ որ Բադալյանին տրամադրվել էր որևէ ընթացակարգային երաշխիք: Սույն գործով, ՄԻԵԴ պարտավորեցրել է Ադրբեջանի Հանրապետությանը Բադալյանին վճարել 30.000 եվրո փոխհատուցում որպես բարոկայան վնաս։

Նոյեմբերի 4-ին ՄԻԵԴ-ն կհրապարակի երկու որոշում՝ հայերի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով

Ըստ «Խոջոյանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի»՝ հայցվորներն են՝ Հասմիկ Խոջյանը, Եղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջյանը (մահացած): Նրանք Հայաստանի քաղաքացիներ են և ծնվել են համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թվականներին։

Դատական ​​գործը կապված է 2014 թվականի սկզբին Ադրբեջանի տարածքում իրենց հոր նկատմամբ կալանքի և վատ վերաբերմունքի մասին բողոքողների պնդումների հետ։ Հայցվորների հայրը 2014 թվականի հունվարի 28-ի առավոտյան լքել է իր տունը, որը գտնվում է Հայաստանում և Ադրբեջանի հետ սահմանին մոտ: Երկու օր անց տեղեկություններ տարածվեցին Ադրբեջանում նրա կալանավորման մասին: Նրան Հայաստանին են հանձնել 2014 թվականի մարտի 4-ին, 10 շաբաթ անց տղամարդը մահացել է։

Սույն գործով Եվրոպական դատարանում վիճարկվում են ՄԻԵԿ 2֊րդ (կյանքի իրավունք), 3֊րդ (խոշտանգումների արգելում), 5֊րդ (ազատության և անվտանգության իրավունք), 13֊րդ (արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք) և 14֊րդ ( խտրականության արգելքը ) հոդվածները։

«Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի նյութերի համաձայն՝ հայցվոր Արտուշ Պետրոսյանը Հայաստանի քաղաքացի է, ծնված 1957 թվականին, բնակվող Չինարիում (Հայաստան)։

Հայցվորի որդին՝ 1981 թվականին ծնված, հատել է Ադրբեջանի հետ սահմանը 2014 թվականի օգոստոսի 7-ին, ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից և մահացել Ադրբեջանի տարածքում։

Հայցվորը պնդում է, որ Ադրբեջանը Եվրոպական կոնվենցիայի 2֊րդ (կյանքի իրավունք), 3֊րդ (խոշտանգումների արգելում), 5֊րդ (ազատության և անվտանգության իրավունք), 8֊րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 13֊րդ (արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք) և 14֊րդ (խտրականության արգելում) հոդվածներով երաշխավորված իրավունքները խախտել է։