Դերենիկ Մկրտչյանի և Գայանե Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 69736/12)

Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց Դերենիկ Մկրտչյանի և Գայանե Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։

10-ամյա Դերենիկ Գ.-ն Չարենցավանի թիվ 5 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ էր։ 2010 թվականի հունիսի 5-ին մաթեմատիկայի քննության ժամանակ ուսուցչի բացակայության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Դերենիկ Գ.-ին ծեծի են ենթարկել իր երկու դասընկերներ՝ Ի.Հ. եւ Վ.Հ.-ն, ովքեր եղբայրներ էին: Ծեծկռտուքի ժամանակ Դերենիկ Գ.-ն և մյուս աշակերտները բարձր բղավել են. լսելով աղմուկը՝ դռնապանը  և մյուս ուսուցիչները մտել են դասասենյակ, ովքեր գտել են Դերենիկ Գ.-ին անգիտակից վիճակում՝ հատակին։ Դերենիկ Գ.-ն հիվանդանոց է ընդունվել արդեն մահացած։

Եվրոպական Դատարանը գտել է, որ.  «Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը», հետևաբար, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի բովանդակային մասով խախտում չի եղել։

Երեխայի հարազատները ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատում մեղադրել էին նաև իշխանություններին, որոնք, ըստ նրանց, չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել։

Եվրոպական դատարանն այս մասով արձանագրել է, որ դպրոցական մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների հետաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով է ընթացել, մասնավորապես դատարանն արձանագրել է, որ վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումն ու քրեական գործի հարուցումը ժամանակին չեն կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը»։

Միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի ընտանիքին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ պատճաշ հետաքննության համար։

 

https://hudoc.echr.coe.int/eng?fbclid=IwAR3dtAwfZ3EF-xC1Mv05DEwnZNZViKXejfMPtAgz8rQwO8cslmfZ1aVxBAI#{%22itemid%22:[%22001-213519%22]}

Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 32427/16)

Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։

Դիմումատուն՝ Արտուշ Պետրոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և բնակվում է Չինարի գյուղում (Հայաստան)։ Որդին՝ 1981 թվականին ծնված Կարեն Պետրոսյանը, նրա հետ ապրել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Չինարիում։ 2014 թվականի օգոստոսի 7-ին նրա որդին հատել է Ադրբեջանի սահմանը և գերեվարվել ադրբեջանական զինուժի կողմից։ Նա մահացել է գերության մեջ։ Հիմք ընդունելով Եվրոպական Կոնվենցիայի  2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելում), 5-րդ հոդվածը (ազատության և անվտանգության իրավունք), 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածը (արդյունավետ պաշտպանության իրավունք) և Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելք), դիմումատուն վիճարկել է, որ իր որդուն խոշտանգել և սպանել են անօրինական կալանքի տակ լինելու ընթացքում, որ նրա մարմինը ժամանակին չի վերադարձվել հայրենիք, որ չի եղել արդյունավետ քննություն, և որ ենթադրյալ խախտումները եղել են էթնիկական ծագման խտրականության արդյունքում։

Դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում և նշանակել որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 40000 եվրո։

https://hudoc.echr.coe.int/rus#{%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-212965%22]}

Մամիկոն Խոջոյանն և Կարեն Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ 62161/14 թիվ)

Այսօր՝ 04.11.2021թ ՄԻԵԴ-ի կողմից հրապարակվեց ադրբեջանական պաշտոնատար անձանց կողմից համապատասխանաբար՝ 28.01.2014թ և 07.08.2014թ ազատազրկված (ձերբակալված) Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով։
Մ. Խոջոյանը (Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ) անհետացել էր Հայաստանի տարածքում դաշտում խաղող հավաքելիս, և հայտնվել Ադրբեջանի իրավազորության ներքո: 04.03.2014թ․ Մ. Խոջոյանը վերադարձվել էր հայկական կողմին և երկուս ու կես ամիս անց մահացել։ Ադրբեջանում ազատազրկման մեջ նա ենթարկվել է կտտանքների, այդ թվում՝ ստացել էր հրազենային վիրավորում, ինչպես նաև՝ նրան ներակել էին սոլյարայուղ:
Կ. Պետրոսյանը (Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչ) ցախ հավաքելիս մոլորվել էր և հայտնվել ադրբեջանական Աղբուլաղ գյուղում, ապա ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Մեկ օր անց իշխանությունները հայտարարեցին, որ Կարենը մահացել է սրտի կաթվածից: Նրա աճյունը հայկական կողմին, հարազատներին վերադարձվել էր երկու ամիս անց՝ արհեստականորեն նեխած վիճակում: Ադրբեջանում Կարենը ենթարկվել էր կտտանքների և ծիսական գլխատման:
ՄԻԵԴ-ը երկու գործերով ճանաչել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքների խախտումը, այն է՝ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում), 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնամխելիության իրավունք) այդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները։
13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) հոդվածներով առանձին քննություն Դատարանը չի իրականացրել, քանի որ այդ իրավունքների խախտումը իրականացված ազգային ատելության հողի վրա արդեն իսկ ճանաչել է 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտումների ճանաչմամբ։
Մասնավորապես Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածներով ներկայացված գանգատները հիմնված են նույն փաստերի վրա, ինչ 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով: Ավելին, Դատարանը հաշվի է առնում այն պատճառաբանությունը, որը հանգեցրել է ճանաչելու 2-րդ հոդվածի խախտումներ. դրա բովանդակային, ինչպես նաև ընթացակարգային ասպեկտները, և 3, մասնավորապես, որ պատասխանող Կառավարությունը չի կատարել իր ապացուցման բեռը դիմումատուների այն պնդումների առնչությամբ, որ Մամիկոն Խոջոյանը և Կարեն Պետրոսյանը ենթարկվել են դաժան վերաբերմունքի, որը հավասար է խոշտանգումների և նրանց կյանքը գտնվել է անմիջական վտանգի տակ։ Ավելին պատասխանող պետությունը որևէ հետաքննություն չի իրականացրել նրանց գերության մեջ գտնվելու ժամանակ նրանց նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, թեև՝ իրավիճակը դա պահանջում էր։
Դատարանը Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի ընտանիքի անդամների ոչ նյութական վնասի հատուցում է սահմանել 40,000-կան եվրո։
https://hudoc.echr.coe.int/rus?fbclid=IwAR3VPvp0WBp5awo6Msn-r7lvN-cTJ7FIcN76v8g0I-oHxNz42Lz1jimZgVg#{%22tabview%22:[%22document%22],%22itemid%22:[%22001-212964%22]}

Դարեսկիզբ ՍՊԸ ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 61737/08)

2008 թվականի դեկտեմբերի 16-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթը) գանգատ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռ. Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի: Դիմումից 13 տարի անց՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Դարեսկիզբ ՍՊԸ-ն» («Հայկական ժամանակ») ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։

ՄԻԵԴ-ը վճռով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտման ազատություն) և 6 րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) խախտում:

Վճռում ասվում է, որ գործը վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններից հետո արտակարգ դրության ժամանակ պետական մարմինների գործողություններին, որոնց ընթացքում խոչընդոտվել է դիմումատու ընկերության թերթի՝ «Հայկական ժամանակի» տպագրումը։

Դատարանը մասնավորապես գտել է, որ հրապարակման սահմանափակումը այլ նպատակ չի ունեցել, քան սահմանափակել կառավարության հասցեին քննադատությունը և հետևաբար դեմ էր ազատ արտահայտման իրավունքին, որը պաշտպանված է Կոնվենցիայով:

Դատարանն արձանագրել է. Կոնվենցիայի 6 -րդ հոդվածի 1 -ին և 10 -րդ հոդվածների խախտում:
Սահմանել ոչ նյութական վնաս `9 000 եվրո:

Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռ (գանգատ թիվ 51295/11)

2021 թվականի հուլիսի 22-ին հրապարակվել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) վճիռը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործին նեգրավվել է որպես երրորդ կողմ և համապատասխանաբար ներկայացրել է իր դիտարկումները:

Գործը վերաբերում է նրան, որ ադրբեջանական ուժերը ձերբակալել են դիմումատուին հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում և 22 ամիս պահել են անազատության մեջ։

Հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելք)՝ դիմումատուն պնդել է, որ ձերբակալման ընթացքում ենթարկվել է վատ վերաբերմունքի, որը կալանքից ազատվելուց անմիջապես հետո վերջինիս մոտ առաջացրել է լուրջ հոգեկան խնդիրներ։

Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն դիմումատուի պահման վայրի, կալանքի պայմանների և ընտրված կարգի մասին կալանքի տակ գտնվելու ամբողջ ընթացքում:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ դիմումատուի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ են եկել կալանքից ազատվելուց անմիջապես հետո որևէ կերպ կապված չեն կալանքի պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը դիմումատուն ստացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Ավելին, հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)՝ դիմումատուն պնդել է, որ իր ձերբակալումը եղել է անօրինական։ Նա մասնավորապես պնդել է, որ որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե ռազմագերի պետք է անմիջապես ազատ արձակվեր կամ իրեն հասկանալի լեզվով անմիջապես տեղեկացվեր կալանքի պատճառների մասին, տարվեր դատավորի մոտ և հնարավորություն տրվեր վիճարկել կալանավորման որոշումը։

Ադրբեջանի կառավարությունը պնդել էր, որ դիմումատուն կալանավորված է եղել որպես ռազմագերի։ Հասյատանի Հանրապետությունը, հանդես գալով որպես երրորդ կողմ և ներկայացնելով իր դիրքորոշումը, պնդել էր, որ տեղի է ունեցել դիմումատուի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով։

Եվրոպական դատարանը, համաձայնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված դիրքորոշման հետ, նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չի ներկայացրել ապացուցելու դիմումատուի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չեն բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում դիմումատուի գործի վրա, և պատասխանող Կառավարությունը չի պնդել, որ նրա կալանավորումը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետերին կամ դիմումատուին տրամադրվել է որևէ ընթացակարգային երաշխիք:

 

http://hudoc.echr.coe.int/eng?i=001-211103