Խորհրդի նախագահ
Կրթություն: Էդմոն Մարուքյանն ունի մագիստրոսական երկու աստիճան, որոնցից մեկն ստացել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ, երկրորդը՝ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի իրավունքի դպրոցում՝ «Մարդու իրավունքներ և միջազգային իրավունք» մասնագիտացմամբ։
Մասնագիտական փորձ։ Էդմոն Մարուքյանը որպես փաստաբան զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և 2011թ. հիմնադրել ու ղեկավարել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Սկսած 2001-ից նա մասնագիտացել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և զգալի դերակատարում ունեցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության կայացման հարցում։ Նա աշխատել է որպես իրավախորհրդատու, իրականացրել դատական ներկայացուցչություն՝ պաշտպանելով քաղաքացիների իրավունքները դատարանում՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Մարուքյանը 2010-2012թթ. հանդիսացել է «Human Rights Watch» միջազգային կազմակերպության խորհրդատու՝ իրականացնելով հետազոտություններ մարդու իրավունքների խնդիրների ոլորտում, ինչպես նաև կազմելով հայտարարություններ, զեկույցներ, այլ կարևոր փաստաթղթեր։
Էդմոն Մարուքյանը 3 անգամ անընդմեջ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ առաջին անգամ խորհրդարանի անդամ դառնալով 2012-ին։
2015թ. դեկտեմբերին իրենց մասնագիտական ոլորտներում հաջողած, քաղաքականությամբ հետաքրքրված և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու ցանկություն ունեցող, գաղափարակից երիտասարդների հետ համատեղ Էդմոն Մարուքյանը հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
2016թ. հոկտեմբերին 02-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցել է Վանաձոր քաղաքի (3-րդ ամենամեծ քաղաքը Հայաստանում՝ 80.000 բնակչությամբ) տեղական ընտրություններին և զբաղեցրել 2-րդ տեղը՝ զիջելով միայն իշխող ուժին և ստանալով ավագանու 33 մանդատներից 10-ը։
2016թ. դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ, ձևավորել է «Ելք» դաշինքը, որի որոշմամբ Էդմոն Մարուքյանը գլխավորել է դաշինքի համամասնական ընտրական ցուցակը 2017թ. ապրիլի 02-ի խորհրդարանական ընտրություններում։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Ելք» դաշինքը դարձավ 105 անդամից բաղկացած նոր խորհրդարանը ձևավորած 4 քաղաքական ուժերից 3-րդը։ «Ելք» դաշինքն Ազգային ժողովում ներկայացված էր 9 պատգամավորով։
2018թ. դեկտեմբերի 09-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 11 քաղաքական ուժ, որոնցից, սակայն, խորհրդարան անցան 3-ը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, ընտրություններում զբաղեցրեց երրորդ տեղը՝ ստանալով խորհրդարանի 132 մանդատներից 18-ը։
Էդմոն Մարուքյանը եղել է Ազգային ժողովի հետևյալ հանձնաժողովների անդամ՝
- Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Պետական-իրավական հարցերի (5-րդ գումարում),
- Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի (6-րդ գումարում),
- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներ (7-րդ գումարում)։
Միևնույն ժամանակ Էդմոն Մարուքյանը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ, որտեղ անդամակցել է հետևյալ հանձնաժողովներին՝
- Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողով (հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ),
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողով,
- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման հանձնաժողով (Մոնիթորինգի հանձնաժողով),
- Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողով։
Լեզուների իմացություն։ Հայերեն, ռուսերեն, անգլերեն