Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի (Application no. 51295/11) վճիռը, որում հաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խոշտանգումների ենթարկելով Արթուր Բադալյանին և նրան անօրինական ազատությունից զրկելով՝ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածները։ Արթուր Բադալյանը քաղաքացիական անձ է, ով 2009 թվականի մայիսի 9-ին սունկ հավաքելիս մոլորվել էր Բերդի հարակից անտառներում և հայտնվել ադրբեջանական գերության մեջ։ Նա հայակական կողմին է հանձնվել գերության մեջ 22 ամիս անց կացնելուց հետո, ինչի արդյունքում էլ այնտեղ կրած խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արդյունքում ստացել է հոգեկան առողջության խանգարում։ Ադրբեջանում անց կացված 22 ամիս գերության ընթացքում Բադալյանին պահել են տարբեր ռազմական հաստատություններում: Նա պնդում է, որ իրեն բավարար քանակությամբ սնունդ չեն տվել և հաճախ թույլ չեն տվել զուգարան գնալ՝ այդպիսով ստիպելով նրան հոգալ իր կարիքները դրա համար չկահավորված խցում: Ավելին, նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի, քանի որ համարվել է, որ նա զինվորական է, և պարբերաբար ճնշումների էր երթարկվում՝ զինվորական տեղեկատվություններ տրամադրելու համար: Նրան հաճախ էին ծեծում ոտքերին, որպեսզի չկարողանա զգալ կամ շարժել դրանք: Էլեկտրական լարերը միացվում էին նրա մատներին և հոսանքահարում մարմինը՝ ուժեղ ցավեր պատճառելով: Նրա խցի դուռը հարվածում էին մետաղական առարկաներով, ինչի արդյունքում նա այժմ տառապում է լսողության խանգարմամբ:Բադալյանի գործը ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Մատինյանը՝ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կամակերպության միջոցով։ Այսպիսով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մեջ ասվում է, որ դիմումատուն կարողացել է հաստատել prima facie դեպք, առ այն, որ նրա ստացված հոգեկան առողջության խանգարումները, որոնք հայտնաբերվել են ազատ արձակվելուց անմիջապես հետո, կապված են պատասխանող պետության կողմից գերության մեջ գտնվելու ժամանակի հետ: Դատարանը նաև նշում է, որ Ադրբեջանը, չի տրամադրել տեղեկություններ Բադալյանի կալանքի վայրերի, նրա կալանքի պայմանների և առօրյա ռեժիմի մասին, որին նա ենթարկվել է անազատության մեջ: Այն փաստը, որ դիմումատուի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն երբևէ չի հասել նրա ընտանիքին նախքան ԿԽՄԿ-ի կողմից որպես գերի գրանցվելը, նախնական կալանքից գրեթե մեկ տարի և վեց ամիս անց (տե՛ս վերը նշված 4-րդ պարբերությունը), նույնպես փաստ է, որից կարելի է եզրակացություններ անել Բադալյանի նկատմամբ վերաբերմունքի ձևի և դրա հետևանքների մասին։ Արդյունքում, Դատարանը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եցրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում և, որ Ադրբեջանը պետք է Բադալյանին որպես փոխհատուցում տրամադրի 30.000 եվրո գումար։ Ադրբեջանը կարող է այս որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատ երեք ամսվա ընթացքում։
Սույն գանգատը ներկայացվել է ՄԻԵԴ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ իրավաբաններ Էդմոն Մարուքյանի և Տաթևիկ Մատինյանի կողմից։