2016 թվականի նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշեց, որ Սպարտակ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով (դիմում no. 35688/11) տեղի է ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6 § 1- խախտում 6 § 3 (դ) կետի հետ համատեղ:
Գործը ՄԻԵԴ էր ուղարկվել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնագետներ Տաթևիկ Մատինյանի և Էդմոն Մարուքյանի կողմից:
2009 թվականի հուլիսի 1-ին Կ.Ս. սպանության փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Վերջինս սպանվել էր նույն օրը 01:30-ին` Ալավերդի քաղաքում: Դիմումատու Ս. Մանուչարյանը նշված օրը ներկայացել էր ոստիկանություն` հանձնել զենքը և խոստովանական ցուցմունք տվել: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել սպանության և անօրինական զենք կրելու համար: Նույն օրը ոստիկանությունը բացատրություն է վերցրել սպանվածի ընկերուհուց` Կ.Մ.-ից, ով գտնվել է դեպքի վայրում: Կ.Մ. հայտնել էր, որ հայհեյելուց ու բղավելուց հետո իր հարևան Մանուչարյանը կրակել է Կ.Ս.-ի մեքենայի ուղղությամբ, որի մեջ էր գտնվում այս պահին նաև Կ.Մ.-ն: 2009թ. հուլիսի 3-ին հարցաքննվել է նաև Մանուչարյանը, ով սակայն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ: 2010թ. հունվարի 14-ին դիմումատուի եղբայրը սպանվել է: 2010 թ. մարտի 9-ին լրացուցիչ ցուցմունք տալով Սպարտակ Մանուչարյանը հայտնել է, որ սպանությունը կատարվել է ոչ թե իր այլ եղբոր կողմից, իսկ ինքը խոստովանական ցուցմունք է տվել, որպեսզի մեղադրանք չառաջադրվի իր եղբորը, ով այդ պահին ուներ նորածին երեխա և հոգ էր տանում իրենց ծնողների մասին, սակայն եղբոր մահից հետո այլևս անիմաստ է շարունակել լռելը:
Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը 2 անգամ հետաձգվել էր և բերման ենթարկելու կարգադրություն կայացվել, որպեսզի ապահովվի Կ.Մ.-ի մասնակցությունը դատական նիստերին, սակայն ոստիկանության ներկայացուցիչների կողմից վերջինիս բնակարան այցելություն կատարելու պահին նա չի եղել տան, իսկ մայրը հայտարարել է, որ դուստրը գտնվում է արտերկրում, ինչից հետո դատարանը որոշում է կայացրել կատարել գործի քննություն առանց Կ.Մ. մասնակցության: 2010 թ. նոյեմբերի 10-ին Մանուչարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարվեց ազատազրկման 13 տարի ժամկետով: Այժմ նա պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:
Մեղադրանքի հիմքում ներպետական դատարանը դրել է սպանվածի ընկերուհու բացատրությունը, ով երբևէ չի հարցաքննվել դատավարական որևէ կարգավիճակում կամ դատարանում, ինչի արդյունքում խախտվել է Մանուչարյանի պաշտպանական իրավունքը` հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տվող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննության ենթարկվեն, եւ իրավունք ունենալ կանչելու ու հարցաքննելու իր վկաներին նույն այն պայմաններով, ինչ իր դեմ ցուցում տված վկաները:
ՄԻԵԴ արձանագրելով, որ տեղի է ունեցել խախտում միևնույն ժամանակ հստակեցրել է, որ վկայի բացակայության համար հիմնավոր պատճառների առկայությունը ինքնին դեռևս արդար դատաքննության իրավունքի խախտում չի հանդիսանում, սակայն այն շատ կարևոր հանգամանք է դատաքննության ընդհանուր արդարացիությունը գնահատելու համար:
Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի մտահոգությունն էր պարզել` արդյոք գործն ամբողջությամբ արդարացի է եղել` Դատարանը ոչ միայն պետք է ստուգի իրարամերժ «հակակշիռ» գործոնների բավարար առկայությունն այս գործում, որտեղ բացակա վկայի վկայությունը դիմումատուի դատապարտման բացարձակ և որոշիչ հիմքն է հանդիսացել, այլ նաև բացահայտի` արդյոք խնդրո առարկա վկայությունն իրականում բացարձակ և որոշիչ դեր կարող է ունենալ: Ինչևէ, սույն գործում այն զգալի կշիռ է ունեցել և դրա ընդունմամբ խոչընդոտել դիմումատուի պաշտպանությանը: Որպեսզի դատաքննությունը համարվի արդար անհրաժեշտ է, որ հակակշռով ապացույցները լինեն նույնչափ ծանրակշիռ, որքան բացակա վկայի տված ցուցմունքներն են: Որքան կարևոր են ապացույցները, այնքան ծանրակշիռ պետք է լինեն հակակշռող հանգամանքները, որպեսզի դատաքննությունն իր ամբողջության մեջ դիտարկվի որպես արդար (տես Seton v. the United Kingdom, no. 55287/10, § 59, 31 մարտ 2016):
ՄԻԵԴ պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը հօգուտ Մանուչարյանի փոխանցել 2,400 եվրո փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող պետության համար պարտավորություն է սահմանել կատարել ներպետական օրենսդրության համապատասխան բարեփոխումներ, որոնք վերջ կդնեն նմանատիպ խախտումներին ներպետական մակարդակում և կվերականգնեն իրավիճակը` բերելով այն նախքան խախտումը տեղի ունենալու կարգավիճակին (տես Scozzari and Giunta v. Italy [GC], nos. 39221/98 and 41963/98, § 249, ECHR 2000‑VIII; Ilaşcu and Others v. Moldova and Russia [GC], no. 48787/99, § 487, ECHR 2004‑VII; and Lungoci v. Romania, no. 62710/00, § 55, 26 January 2006): ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտման դեպքում դիմումատուի իրավունքները պետք է վերանագնվեն` նրա կարգավիճակը բերելով այնտեղ, որտեղ դեռևս տեղի չէր ունեցել նրա իրավունքի խախտումը (տես mutatis mutandis, Sejdovic v. Italy [GC], no. 56581/00, § 127, ECHR 2006‑II, and Yanakiev v. Bulgaria, no. 40476/98, § 89, 10 August 2006): Դատարանը վկայակոչել է նախկին նմանատիպ գործ, որով խախտման վերացման համար լավագույն միջոցն է գործի վերաբացումը և վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ (տես Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, դիմում no. 8088/05, § 104, 10 ապրիլ 2012):