2016 թվականի նոյեմբերի 24 -ին Դատարանը միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել Մարու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 6 -րդ հոդվածի 3 -րդ մասի «դ» կետի խախտում ՝ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով, և որ պատասխանող պետությունը Դիմումատուին պետք է վճարի Կոնվենցիայի 44 -րդ հոդվածի 2 -րդ մասի համաձայն `վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում` 2400 եվրո (երկու հազար չորս հարյուր եվրո):
Դատարանն արձանագրել էր, որ ինչպես արդեն նշվել է, Ք. Մ.-ն եղել է հանցագործության միակ ականատես վկան: Նա ճանաչել է դիմումատուին, ով եղել է իր հարևանը, և մատնացույց է արել նրան ոստիկանության կողմից հարցաքննության ժամանակ (տե՛ս վերևում` 9-րդ պարբերությունը): Կասկածի տակ չի կարող դրվել այն հանգամանքը, որ Ք. Մ.-ի ցուցմունքը միակ ապացույցը չէ, որի վրա հիմնվել է դիմումատուի դատապարտումը: Այնուամենայնիվ, վկայի մինչդատական ցուցմունքը միակ ուղղակի ապացույցն է, որը հիմնավորում է այն հայտարարությունը, որ դիմումատուն է կրակ արձակել Կ. Ս.-ի ավտոմեքենայի վրա: Այդ իմաստով դիմումատուի գործում Ք. Մ.-ն կարող է դիտարկվել որպես մեղադրող կողմի հիմնական վկա: Ինչ վերաբերում է ապացույցների մնացած մասին, Ս. Ս.-ի ցուցմունքը զուտ ապացուցում է, որ Կ. Ս.-ի և դիմումատուի միջև առկա են եղել լարված հարաբերություններ, մինչդեռ Ք. Մ.-ի ծնողների` Ա. Մ.-ի և Ս. Մ.-ի ցուցմունքները հիմնված են եղել դեպքերի մասին Ք. Մ.-ի տված ցուցմունքների վրա (տե՛ս վերևում` 12-րդ և 11-րդ պարբերությունները): Ճշմարիտ է այն հանգամանքը, որ Վ. Ջ.-ի ցուցմունքը, որը նա վերահաստատել է առերես հարցաքննության ժամանակ, հակասում է դիմումատուի պաշտպանական ցուցմունքին այն մասին, որ հանցագործության կատարման ժամանակ նա եղել է Վ. Ջ.-ի տանը (տե՛ս վերևում` 15-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, միայն Վ. Ջ.-ի ցուցմունքն առանձին չի ապացուցում, որ ավտոմեքենայի վրա կրակ արձակողը եղել է դիմումատուն և ոչ թե նրա եղբայրը, ինչպես նշել էր դիմումատուն իր խոստովանական ցուցմունքից հրաժարվելուց հետո: Կառավարությունը չի կարողացել հիմնավորել, որ մնացած բոլոր ապացույցները, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությունը բավարար են որոշիչ կերպով պնդելու համար, որ հանցագործությունը կատարվել է դիմումատուի և ոչ թե մեկ այլ անձի, օրինակ` նրա եղբոր կողմից: Օրինակ, ներպետական դատարանների վճիռներից չի բխում, որ դեպքի օրը դիմումատուի հագին եղած հագուստի վրա կրակոցի` դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված հետքերն ապացուցում են, որ կրակոցների հեղինակը եղել է նա: Վերոնշյալից ելնելով` Դատարանը գտնում է, որ դիմումատուի դատապարտման համար որոշիչ են եղել քննությունից բացակայող վկա Ք. Մ.-ի ցուցմունքները: