Տարոն Սիմոնյան

Խորհրդի անդամ

Կրթություն։ Տարոն Սիմոնյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2007 թվականին, այնուհետև` 2009 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան եվրոպական իրավունք մասնագիտացմամբ (ԵՊՀ): 2009 թվականին ավարտել է Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցը` միջազգային իրավաբանական հետազոտություններ մասնագիտացմամբ (Թավթս համալսարան, Բոսթոն, ԱՄՆ), իսկ 2012 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնում:

Մասնագիտական վերապատրաստումներ, անդամակցություններ և հրապարակումներ։ 2017-ից Տարոն Սիմոնյանը հանդիսանում է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի ազգային ներկայացուցիչ (UNCITRAL), նույն թվականից մինչև  2019 եղել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ, 2016-ին եղել է Հայաստանի հաշտարարների ինքնակառավարվող կազմկակերպության համահիմնադիր, խորհրդի անդամ, 2014 թվականից Տարոն Սիմոնյանը հանդիսանում է Եվրոպական արբիտրաժային պալատի արբիտր (Բրյուսել, Բելգիա), ՀՀ Իրավաբանների միության գործադիր տնօրեն 2012 թվականից, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր 2010 թվականից և տնօրեն 2013-ից, Փաստաբանների պալատի անդամ 2010 թվականից, Իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի անդամ 2005 թվականից և ԵՊՀ Խորհրդի անդամ 2007-2011-ը:

Տարոն Սիմոնյանը միջազգային, համեմատական իրավունքի,  պետության և իրավունքի տեսության վերաբերյալ մի  շարք գիտական հոդվածների հեղինակ է, իրավագիտության ֆակուլտետի և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս և դոցենտ, նաև դասախոսում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում և Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնում:

Մասնակցել է մի շարք մասնագիտացված վերապատրաստումների Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:

Գործունեության բնագավառներ։ Տարոն Սիմոնյանը տրամադրել է ամբողջական իրավաբանական ծառայություններ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մեդիայի, հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպություններին, տեղական խաղատներին և այլն: Նա որպես ծրագրի փորձագետ է հանդես եկել  IBF International Consulting կազմակերպությունում, Եվրոպական խորհրդի «Աջակցություն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» ծրագրում՝ աջակցելով ՀՀ Արդարադատության նախարարությանը նախագծել քաղաքացիական  դատավարության նոր օրենսգիրք: Տարոնը՝ որպես փորձագետ, հանդես է եկել նաև ԵԱՀԿ-ում, Մարդու իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպությունում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, Ասիական զարգացման բանկում, EuropeAid-ում   և այլն:

2018թ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով ռեյտինգային ընտրակարգով (անկուսակցական) ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լոռու մարզից։ 7-րդ գումարման խորհրդարանում իր գործունեության ընթացքում անդամակցել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, եղել Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի («Եվրանեսթ») անդամ, «Եվրանեսթ»-ի Տնտեսական, իրավական մոտարկման և  ԵՄ քաղաքականության համաձայնեցման հանձնաժողովի համանախագահ, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ։

Մասնագիտական ոլորտներ։ Բանակցություն և միջնորդություն, միջազգային իրավունք, ԵՄ իրավունք, մարդու իրավունքներ, ներդրումային իրավունք, արբիտրաժ, դատավարություն, սահմանադրական իրավունք, քաղաքացիական իրավունք և դատավարություն, վարչական իրավունք և դատավարություն, մրցակցային իրավունք, գործարարական իրավունք, աշխատանքային իրավունք, հանքարդյունաբերության իրավունք, մտավոր սեփականության իրավունք, իրավաբանական փորձաքննություն:

Լեզուներ հայերեն, անգլերեն, ռուսերեն