ՄԻԿԵՑ (Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց) «Ատելության խոսք» դասընթաց 2012

«Հակադարձել ատելությանը – սովորել պաշտպանել մարդու իրավունքները առցանց» դասընթացը տեղի ունեցավ 2012 թ.-ի նոյեմբերի 19-25-ին` Եվրոպական երիտասարդական կենտրոնում` Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում:  Այն կազմակերպվել էր Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանցի, Ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցության վարչության և Եվրոպայի խորհրդի երիտասարդական բաժնի համատեղությամբ: Դասընթացի նպատակն էր` մշակել առցանց կրթական ռազմավարություններ` ուղղված երիտասարդ իրավապաշտպաններին, ակտիվիստներին և ընդլայնել նրանց կարողությունները` պաշտպանելու մարդու իրավունքները վիրտուալ միջավայրում: Դասընթացին կազմակերպությունը ներկայացնում էր Աստղիկ Մկրտումյանը:

Դասընթացը նախատեսված էր հինգօրյա աշխատանքային օրակարգով` ներառելով խմբային և թիմային աշխատանքներ, որի ընթացքում բոլոր մասնակիցներին հնարավորություն էր տրվում ամբողջովին ընդգրկվել ողջ ծրագրում:  Կատարվող տարբեր աշխատանքներն օգնում էին մեզ զարգացնել հմտություններ, որպեսզի կարողանանք վերլուծել դասընթացի թողած ազդեցությունը: Բացի այդ, Եվրոպայի խորհրդի երիտասարդական բաժնի որոշ ներկայացուցիչներ հանդես եկան իրենց պրեզենտացիաներով` «Երիատասարդների առցանց պայքարը` ընդդեմ ատելության խոսքի», ինչպես նաև  «Երիտասարդ իրավապաշտպանների առցանց վերապատրաստում – դրա գործելակերպը և մարտահրավերները»: Խմբային աշխատանքներին զուգահեռ կատարեցինք սիմուլյացիոն վարժություններ, ինչպես`  «Ատելության խոսքի ազդեցությունը երիտասարդների վրա և ինչպես հակադարձել ատելությանը առցանց»:

Ծրագիրն ինքնին իսկապես արդյունավետ էր յուրաքանչյուր մասնակցի համար թե’ անձնական և թե’ մասնագիտական զարգացման համար: Բացի դասընթացի պաշտոնական մասից, կազմակերպվում էին նաև ոչ պաշտոնական միջոցառումներ` շրջայց քաղա

քում, միջմշակութային երեկո, ընթրիք քաղաքում և այլն: Չնայած նրան, որ բոլորս էլ տարբեր երկրների մշակույթների և կրթական համակարգերի ներկայացուցիչներ էինք, շատ հեշտությամբ կարողանում էինք շփվել միմյանց հետ: Ինձ թվում էր, թե հանդիպել էի աշխարհի ամենայուրահատուկ և ամենահանդուրժող երիտասարդներին: Ինչ-որ անտեսանելի, բայց միմյանց կապող մի հզոր ուժ կար, որ միացնում էր բոլորին: