Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով սահմանված ժամկետում Մեծպալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը նշել է նաև, որ սույն որոշման կատարման ապահովումը Նախարարների կոմիտեի գործառույթն է։ Հիշեցնեմ, որ «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) գործով վճիռը կայացվել էր 2021 թվականի հուլիսի 22-ին։
Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը չէր տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ Արթուր Բադալյանի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ էին եկել անազատությունից ազատվելուց անմիջապես հետո որևէ կերպ կապված չեն պահման պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանը ստացել էր անազատության գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն եզրահանգել էր, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում:
Ավելին, Եվրոպական դատարանը, նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չէր ներկայացրել ապացուցելու Բադալյանի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չէին բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում Բդալյանի գործի վրա, և Ադրբեջանը չէր պնդել, որ Բադալյանի կալանավորումը համապատասխանում էր ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետերին կամ որ Բադալյանին տրամադրվել էր որևէ ընթացակարգային երաշխիք: Սույն գործով, ՄԻԵԴ պարտավորեցրել է Ադրբեջանի Հանրապետությանը Բադալյանին վճարել 30.000 եվրո փոխհատուցում որպես բարոկայան վնաս։