
Այսօր Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացված ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ զեկույցը։
«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում հավաքագրել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ։ Հավաքագրված փաստերի հիման վրա նամակներ են ուղարկվել ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի կառավարություններ և խորհրդարաններ՝ ազգային և համընդհանուր իրավասության (Universal Jurisdiction) ներքո քրեական հետապնդում սկսելու և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների դեմ անձնական տնտեսական պատժամիջոցներ կիրառելու նպատակով։
Զեկույցwւմ ամփոփված են բաց աղբյուրներում հրապարակած տեղեկությունները` այնպիսի միջազգային հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, «Freedom House»-ը, «Amnesty International»-ը և այլն, ինչպես նաև հանրահայտ միջազգային լրատվականների նյութերը, ինչպիսիք են BBC, Al Jazeera, Reuters, The Independent, France 24 և այլն:
Կլոր սեղանի ընթացքում ելույթներով հանդես եկան Ռազմավարական դատավարությունների կենտրոնի նախագահ Էդմոն Մարուքյանը, խորհրդի անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Զեկույցը ներկայացրեց Ռազմավարական դատավարությունների կենտրոնի խորհրդի անդամ, փաստաբան Ռուզաննա Ավագիմյանը։
44-DAY-WAR-REPORT