ՄԻԵԴ որոշում է կայացրել Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով

ECHR

“Ռազմավարական դատավարությունների կենտրոն” ՀԿ փորձագետների ջանքերով նախապատրաստվել և հետևողականորեն վարվել է պարոն Ղույումչյանի գործը ՄԻԵԴ-ում: Այսօր ՄԻԵԴ որոշում կայացրեց Ղույումչյանի գործով:

Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի (դիմում no. 53862/07) գործով դիմումատուներն են Գարեգին Ղույումչյանի (Գարեգին Ղույումչյանը մահացել է նախքան սույն գործը ՄԻԵԴ ուղարկեը) որդին`Վահան Ղույումչյանը, վերջինիս կինն ու մայրը: Նրանք համապատասխանաբար ծնվել են 1965, 1973 և 1947 թվականներին, Վանաձոր քաղաքում: Ղույումչյանների փաստաբանն է Էդմոն Մարուքյանը:

Սույն գործի իրավական վերճը կապված է ՀՀ վճռաբեկ դատարանի մատչելության հետ: Մասնավորապես դիմումատուն ի վիճակի չլինելով իր գործով վճռաբեկ բողոք բերելու համար օգտվել փաստաբանի ծառայություններից` զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից:

Գարեգին Ղույումչյանն ու իր կինը` Գյուլնազ Ղույումչյանը վարում էին ընտանեկան փոքրիկ ձեռնարկություն, երբ 2002 թվականի հուլիսին Գարեգին Ղույումչյանը մեղադրվեց կաշառք վերցնելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերին մեղադրանքը հանվեց` ապացույցների բացակայության հիմքով: 2004 թվականին ընտանիքը վաճառեց ձեռնարկությունը, իսկ Գարեգին Ղույումչյանը դատական գործընթաց նախաձեռնեց` պահանջելով արդարացի փոխհատուցում իրեն առաջադրված անհիմն մեղադրանքների համար: Գարեգին Ղույումչյանը չուներ փաստաբան և նրա կողմից վճռաբեկ դատարան ներկայացված դիմումը վերադրձվեց այն պատճառաբանությամբ, որ վերջինս ներկայացված չէր ՀՀ Վճռաբեկ դատարանում արտոնագրված փաստաբանի կողմից, ինչպես դա պահանջում էր օրենքը:

Հղում կատարելով ՄԻԵԿ  6 § 1 (դատարանի մատչելիություն), դիմումատուն պնդում է, որ վերջինիս վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը սահմանափակվել է, քանի որ ինքը միջոցներ չի ունեցել օգտվելու համար արտոնագրված փաստաբանի ծառայություններից:

Սույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է Վահան Ղույումչյանի (Գարեգին Ղույումչյանի որդու) դատարանի մատչելիության սկզբունքը` երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  6 § 1-ով: Դատարանը վճռել է, որ Հայաստանի Հանրապետությունը Վահան Ղույումչյանին պիտի վճարի 3600 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում:

http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160090