«Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» դասընթացի մաս 4

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն 2012 թվականի փետրվարի 4-5-ն իրականացրեց երկօրյա դասընթաց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները և Կոնվենցիայի կից արձանագրությունները» խորագրով, որը կազմակերպված էր Լոռու մարզի փաստաբանների, պրակտիկ իրավաբանների և ԲՈՒՀ-երի իրավաբանական բարձր կուրսերի ուսանողների համար: Այն կազմակերպված էր «Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Հայաստանում Ամերիկայի դեսպանաության հանրային կապերի բաժնի և USAAA-ի կողմից:
Դասընթացի շրջանակներում կոնկրետ գործերի օրինակներով քննարկվել են Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք նախատեսում են պատիժ` բացառապես օրենքի հիման վրա, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը և մտքի, խղճի և կրոնի ազատությունը, ինչպես նաև այն բոլոր իրավունքներն ու ընթացակարգերը, որոնք արձանագրությունների տեսքով համալրել են Կոնվենցիան:
Քննարկվեց նաև փաստաբանների վարույթում գտնվող գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու հնարավոր տարբերակները:
Փաստաբանների առաջարկով քննարկվեց նաև ՀՀ փաստաբանության մասին օրենքում տեղ գտած վերջին փոփոխությունները:
Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին գիտելիքի գնահատման թերթիկներ` դասընթացի արդյունավետությունը չափելի դարձնելու նպատակով:

Front Line Defenders կազմակերպությունը հրապարակեց իր 2012 մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ տարեկան զեկույցը

2012 թվականի հունվարի 26-ին Front Line Defenders կազմակերպությունը հրապարակեց իր 2012 մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ տարեկան զեկույցը, որում ամփոփված են 2011 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպաններին առնչվող իրավիճակներում տեղ գտած զարգացումներն ու միտումները աշխարհի տարբեր մասերում: Զեկույցում ընդգծվում է այն հանգամանքը, որ մինչդեռ լրատվամիջոցները և միջազգային հանրությունը իրենց ուշադրությունը սևեռել են Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում թափ առնող դրամատիկ իրադարձությունների վրա, աշխարհի մյուս մասերում բռնապետական կառավարությունները ցանկացած անհնազանդության ի պատասխան դաժանաբար գործի են դնում իրենց առավելությունն ու հզորությունը:
Զեկույցը հիմնված է Front Line Defenders կազմակերպության կողմից վտանգի մեջ գտնվող մարդու իրավունքների պաշտպաններին ցուցաբերված աջակցության արդյունքների վրա: 2011 թվականի ընթացքում Front Line Defenders-ը 256 հրատապ դիմումներ է հղել ի աջակցություն 594 վտանգի մեջ գտնվող իրավապաշտպանի շուրջ 70 երկրներից, 189 դրամաշնորհ է տրամադրել և վերապատրաստել ավելին քան 470 իրավապաշտպանի: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ընթացքում ավելին քան 1380 իրավապաշտպաններ հանդիսացել են Front Line Defenders-ի պաշտպանության աջակցության շահառուներ:

Հաշվետվության անգլերեն տարբերակը կարող է ներբեռնվել այստեղ: Front Line Defenders 2012 Annual Report on HRDs