«Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» դասընթացի մաս 2

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն 2011 թվականի դեկտեմբերի 17-18-ն իրականացրեց երկօրյա դասընթաց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածները և դրանց խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու ընթացակարգը» խորագրով, որը կազմակերպված էր Լոռու մարզի փաստաբանների, պրակտիկ իրավաբանների և ԲՈՒՀ-երի իրավաբանական բարձր կուրսերի ուսանողների համար: Այն կազմակերպված էր «Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Հայաստանում Ամերիկայի դեսպանաության հանրային կապերի բաժնի և USAAA-ի կողմից:

Դասընթացի նպատակն էր խորացնել Լոռու մարզում գործող փաստաբանների և իրավաբանների գիտելիքները` Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի և Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի վերաբերյալ: Լոռու մարզի շուրջ 30 փաստաբաններ և իրավաբաններ հնարավորություն ունեցան կիսել իրենց փորձը և ձեռք բերել նոր գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմների վերաբերյալ, քննարկումներ ծավալելով կոնկրետ գործերի շուրջ:

Դասընթացի ընթացքում նաև քննարկվեց ազգային դատարաններում վարած և ՄԻԵԴ ուղարկվելու նախապատրաստվող գործի ներկայացում և քննարկում, որոմ խախտվել են Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածները: Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և հանդես եկան առաջարկություններով կապված քննարկվող գործի հետ: Ծրագրի շրջանակներում կազմակերպության մասնագետները գործնական աջակցություն են ցուցաբերելու փաստաբանների կողմից ազգային դատարաններում վարած գործերը նախապատրաստելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու նպատակով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնած դատական գործերի վերլուծություն

2011 թվականի դեկտեմբերի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվեց 2001–2011 թվականների ընթացքում նախաձեռնված և իրականացված դատական գործերի ձեռնարկը:

Ուսումնասիրությունն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» ձեռնարկում ներառված է տասը տարիների ընթացքում կազմակերպության կողմից նախաձեռնած քսան դատական գործերի վերլուծությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ կազմակերպության կողմից դատական գործերի նախաձեռումը շարունակական է լինելու և հնարավորություն կլինի ձեռնարկի երկրորդ հատորի հրատարակման, որում տեղ կգտնեն ներկայումս ընթացքի մեջ գտնվող շուրջ 25 դատական գործեր:

Նա նաև նշեց. «Մենք չենք հավակնում փոխարինել փաստաբանական ինստիտուտներին, բայց որոշակի օրինակի ուժը շատ կարևոր ենք համարում փաստաբանական իստիտուտի խթանման համար»:

Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը նշեց. «Մեր մոտ մոտեցում կա, որ հաճախ չենք ֆինանսավորում հետազոտոտական աշխատանքներ, որոնց արդյունքը լինում են գրքեր, որոնք գրադարանում մնում են և փոշի հավաքում: Ֆինանսավորման պատճառներից մեկ այն է, որ մենք ճանաչում ենք Արթուր Սաքունցին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին: Գիտենք, որ նմանատիպ հետազոտությունը կդառնա քարտեզ հետագա ակտիվիզմի և հետագա իրավական գործունեության համար: Նմանատիպ գործունեությունը ոչ թե պետք է հասանելի լինի մեզ, այլ պետք է լինի հասանելի ավելի լայն, ոչ մասնագիտական զանգվածի»:

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակին սերտ համագործակցության և վերջին տասը տարիներին իրենց կարևորագույն նախադեպային գործերով մատակարարելու համար: «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ունիկալ դեր է խաղացել՝ հանդիսանալով ֆիլտր, մարդկանց ընդունելով և ֆիլտրացնելով, նախադեպային գործերն ընտրելով և տալով մեզ, որպեսզի այդ գործերը մենք վարենք, սա շատ լուրջ աշխատանք է»,- նշեց նա: Է. Մարուքյանը նաև ավելացրեց, որ ձեռնարկում ներկայացվել են գործեր, որոնք վարվել են իր, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանների և փաստաբան Կարեն Թումանյանի կողմից և ներկայացրեց իր կողմից վարված հինգ նախադեպային գործերը:

Անդրադառնալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության գործին՝ Է. Մարուքյանը նշեց, որ առաջին գործերից է, որ հայտ ներկայացվեց ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Խոսքը վերաբերում էր «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի դրույթներին:

Է. Մարուքյանը նշեց. «Դատաքննությունն այն նշանակությունն ունեցավ, որ նրա շարունակությունը բերեց նրան, որ գաղտնի տեղեկատվության ցանկերը փոփոխվել են և այն տեղեկատվությունները, որոնք ժամանակին գաղտնիք էին և դատարանի միջոցով չէինք կարող ստանալ, այժմ կարող ենք ստանալ հարցումների միջոցով»:

«Արնի Քընսալթ» ՍՊԸ տնօրեն, իրավաբան, ծրագրի փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ օբյեկտիվ գնահատելու համար մշակվել են չափանիշներ, որոնք հնարավորություն են տվել պարզելու, թե նախադեպային իրավունքն ինչ ազդեցություն է թողել ներպետական իրավունքի և դատական պրակտիկայի զարգացման վրա, ինչպես նաև տեսնել, թե տվյալ անձի խախտված իրավունքը վերականգնվել է, թե ոչ:

Ըստ նրա՝ ուսումնասիրվել են քսան դատական գործեր՝ քրեական, քաղաքացիական և վարչական, որոնքը վերաբերել են աշխատանքային իրավունքի, հանրահավաքների իրավունքի, տեղեկատվության ազատության իրավունքի խախտմանը և այլն:

Ա. Ղազարյանը նշեց, որ հետազոտված դատավարություններից 4-ը /21%/ վճռորոշ ազդեցություն է ունեցել, 10-ը /50%/՝ կարևոր, 6-ը /31%/՝ որևէ ազդեցություն չի ունեցել, իսկ բացասական հետևանք ոչ մի դատավարություն չի առաջացրել: Ինչ վերաբերում է խախտված իրավունքի վերականգմանը, 20 գործից 7-ում ամբողջովին վերականգնվել է խախտված իրավունքը, 2-ի դեպքում մասամբ է վերականգնվել և 10-ի դեպքում չի վերականգնվել:

Իրավապաշտպան, ծրագրի փորձագետ Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ռազմավարական դատավարությունը: Ըստ նրա՝ ընտրվում է զոհ, որը համապատասխանում է ռազմավարական դատավարության չափանիշներին և տարվում հետևողական գործընթաց բարենպաստ կամ նպատակին ծառայող ակտի կայացմանը հասնելու նպատակով: Ռազմավարական դատավարության արդյունքում կարող է լինել նաև տակտիկական հաղթանակ: Դրա օրինակ է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության գործը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարտվեց բուն դատական գործում, սակայն այդ պարտությունը բերեց նրան, որ ՊՆ-ն և այլ գերատեսչություններ սկսեցին փոխել իրենց վերաբերմունքը պետական գաղտնիքի հետ կապված հարցերում: Չնայած Վարչական դատարանը չնեղացրեց ՊՆ-ին, կայացրեց անարդար դատական ակտ, սակայն դրանից հետո ՊՆ-ն անում է այնպես, ինչպես ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Այստեղ նշվել է տակտիկական հաղթանակ, ուրեմն կարևոր է նկատել, որ ռազմավարական դատավարությունը երբեք բացասական ազդեցություն չի ունենում:

Արտակ Զեյնալյանը վերջում ավելացրեց, որ ժամանակն է Հայաստանի իրապաշտպան հասարակությունում մշակվի ռազմավարական դատավարության չափանիշներ, փորձը հանձնվի թղթին, որպեսզի այս ուղղությունը զարգանա:

Աղբյուրը` http://www.hcav.am/articles.php/language_arm/date_2011-12-15/article_4401/page.html:

«Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով»

Ֆինանսավորող կառույց` ԱՄՆ Դեսպանատան Հանրային Կապերի Բաժին

Ծրագրի ղեկավար`Էդմոն Մարուքյան

Ծրագրի տևողությունը` Սեպտեմբերի 15, 2011- Փետրվարի 14, 2012

Դրամաշնորհի չափը` 4,179.00 ԱՄՆ դոլար

 

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն 2011 թվականի սեպտեմբերից իրականացնում է «Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող դիմումների քանակի մեծացմանը և որակի բարձրացմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Լոռու մարզում գործող 35 փաստաբանների և իրավաբանների համար դասընթացների շարք «Մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի Խորհրդի շրջանակներում- Մարդու իրավունքների Եվրոպական դատարան», «Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու ընթացակարգը», «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիմումաձևի լրացում» թեմաներով: Ծրագիրը ներառում է նաև անհատական իրավաբանական խորհրդատվություն, մասնագիտական քնարկումների կազմակերպում, իրավաբանական գրադարանի ստեղծում, «Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ կից փաստաբանների համար ռեսուրս կենտրոնի հիմնադրում:

ՀՀ կողմից Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունների իրականացման մոնիթորինգ

Ֆինանսավորող կառույց` Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչություն

Ծրագրի ղեկավար` Նաիրա Խաչատրյան

Ծրագրի տևողությունը` Նոյեմբեր 1, 2011 – Ապրիլ 30, 2012

Դրամաշնորհի չափը` 2.700.000 ՀՀ դրամ

 

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն (ՌԴԿ ԻՀԿ) 2011թ.-ի նոյեմբերի 1-ից իրականացնում է «ՀՀ կողմից Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունների իրականացման մոնիթորինգ» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է բացահայտել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրականացնում «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական  կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, հասարակության ուշադրությունը հրավիրել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ակտիվ իրականացման կարևորությանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունների և ՀՀ Կառավարության պատասխանների համադրում և վերլուծություն, ՀՀ համապատասխան մարմիններից տեղեկատվության հավաքագրում: Ծրագրի ավարտին կհրապարակվի ՀՀ կառավարության կողմից Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցների պատասխաններում նշված բարեփոխումների իրականացման արդյունավետության վերաբերյալ հետազոտությունը: