Այսօր ՄԻԵԴ կայացրեց Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում

ECHR pic2016 թվականի նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշեց, որ Սպարտակ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով (դիմում no. 35688/11) տեղի է ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6 § 1- խախտում 6 § 3 (դ) կետի հետ համատեղ:

Գործը ՄԻԵԴ էր ուղարկվել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնագետներ Տաթևիկ Մատինյանի և Էդմոն Մարուքյանի կողմից:

2009 թվականի հուլիսի 1-ին Կ.Ս. սպանության փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Վերջինս սպանվել էր նույն օրը 01:30-ին` Ալավերդի քաղաքում: Դիմումատու Ս. Մանուչարյանը նշված օրը ներկայացել էր ոստիկանություն` հանձնել զենքը և խոստովանական ցուցմունք տվել: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել սպանության և անօրինական զենք կրելու համար: Նույն օրը ոստիկանությունը բացատրություն է վերցրել սպանվածի ընկերուհուց` Կ.Մ.-ից, ով գտնվել է դեպքի վայրում: Կ.Մ. հայտնել էր, որ հայհեյելուց ու բղավելուց հետո իր հարևան Մանուչարյանը կրակել է Կ.Ս.-ի մեքենայի ուղղությամբ, որի մեջ էր գտնվում այս պահին նաև Կ.Մ.-ն: 2009թ. հուլիսի 3-ին հարցաքննվել է նաև Մանուչարյանը, ով սակայն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ: 2010թ. հունվարի 14-ին դիմումատուի եղբայրը սպանվել է: 2010 թ. մարտի 9-ին լրացուցիչ ցուցմունք տալով Սպարտակ Մանուչարյանը հայտնել է, որ սպանությունը կատարվել է ոչ թե իր այլ եղբոր կողմից, իսկ ինքը խոստովանական ցուցմունք է տվել, որպեսզի մեղադրանք չառաջադրվի իր եղբորը, ով այդ պահին ուներ նորածին երեխա և հոգ էր տանում իրենց ծնողների մասին, սակայն եղբոր մահից հետո այլևս անիմաստ է շարունակել լռելը:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը 2 անգամ հետաձգվել էր և բերման ենթարկելու կարգադրություն կայացվել, որպեսզի ապահովվի Կ.Մ.-ի մասնակցությունը դատական նիստերին, սակայն ոստիկանության ներկայացուցիչների կողմից վերջինիս բնակարան այցելություն կատարելու պահին նա չի եղել տան, իսկ մայրը հայտարարել է, որ դուստրը գտնվում է արտերկրում, ինչից հետո դատարանը որոշում է կայացրել կատարել գործի քննություն առանց Կ.Մ. մասնակցության: 2010 թ. նոյեմբերի 10-ին Մանուչարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարվեց ազատազրկման 13 տարի ժամկետով: Այժմ նա պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Մեղադրանքի հիմքում ներպետական դատարանը դրել է սպանվածի ընկերուհու բացատրությունը, ով երբևէ չի հարցաքննվել դատավարական որևէ կարգավիճակում կամ դատարանում, ինչի արդյունքում խախտվել է Մանուչարյանի պաշտպանական իրավունքը` հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տվող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննության ենթարկվեն, եւ իրավունք ունենալ կանչելու ու հարցաքննելու իր վկաներին նույն այն պայմաններով, ինչ իր դեմ ցուցում տված վկաները:

ՄԻԵԴ արձանագրելով, որ տեղի է ունեցել խախտում միևնույն ժամանակ հստակեցրել է, որ վկայի բացակայության համար հիմնավոր պատճառների առկայությունը ինքնին դեռևս արդար դատաքննության իրավունքի խախտում չի հանդիսանում, սակայն այն շատ կարևոր հանգամանք է դատաքննության ընդհանուր արդարացիությունը գնահատելու համար:

Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի մտահոգությունն էր պարզել` արդյոք գործն ամբողջությամբ արդարացի է եղել` Դատարանը ոչ միայն պետք է ստուգի իրարամերժ «հակակշիռ» գործոնների բավարար առկայությունն այս գործում, որտեղ բացակա վկայի վկայությունը դիմումատուի դատապարտման բացարձակ և որոշիչ հիմքն է հանդիսացել, այլ նաև բացահայտի` արդյոք խնդրո առարկա վկայությունն իրականում բացարձակ և որոշիչ դեր կարող է ունենալ: Ինչևէ, սույն գործում այն զգալի կշիռ է ունեցել և դրա ընդունմամբ խոչընդոտել դիմումատուի պաշտպանությանը: Որպեսզի դատաքննությունը համարվի արդար անհրաժեշտ է, որ հակակշռով ապացույցները լինեն նույնչափ ծանրակշիռ, որքան բացակա վկայի տված ցուցմունքներն են: Որքան կարևոր են ապացույցները, այնքան ծանրակշիռ պետք է լինեն հակակշռող հանգամանքները, որպեսզի դատաքննությունն իր ամբողջության մեջ դիտարկվի որպես արդար (տես Seton v. the United Kingdom, no. 55287/10, § 59, 31 մարտ 2016):

ՄԻԵԴ պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը հօգուտ Մանուչարյանի փոխանցել 2,400 եվրո փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող պետության համար պարտավորություն է սահմանել կատարել ներպետական օրենսդրության համապատասխան բարեփոխումներ, որոնք վերջ կդնեն նմանատիպ խախտումներին ներպետական մակարդակում և կվերականգնեն իրավիճակը` բերելով այն նախքան խախտումը տեղի ունենալու կարգավիճակին (տես Scozzari and Giunta v. Italy [GC], nos. 39221/98 and 41963/98, § 249, ECHR 2000‑VIII; Ilaşcu and Others v. Moldova and Russia [GC], no. 48787/99, § 487, ECHR 2004‑VII; and Lungoci v. Romania, no. 62710/00, § 55, 26 January 2006): ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտման դեպքում դիմումատուի իրավունքները պետք է վերանագնվեն` նրա կարգավիճակը բերելով այնտեղ, որտեղ դեռևս տեղի չէր ունեցել նրա իրավունքի խախտումը (տես mutatis mutandisSejdovic v. Italy [GC], no. 56581/00, § 127, ECHR 2006‑II, and Yanakiev v. Bulgaria, no. 40476/98, § 89, 10 August 2006):  Դատարանը վկայակոչել է նախկին նմանատիպ գործ, որով խախտման վերացման համար լավագույն միջոցն է գործի վերաբացումը և վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ (տես Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, դիմում no. 8088/05, § 104, 10 ապրիլ 2012):

http://hudoc.echr.coe.int/eng#{“languageisocode”:[“ENG”],”documentcollectionid2″:[“JUDGMENTS”],”itemid”:[“001-168860”]}

Posted in Մամուլի ասուլիսներ, ՄԻԵԴ որոշումներ, Նորություններ | Comments Off on Այսօր ՄԻԵԴ կայացրեց Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում

Զարգացումներ ՄԻԵԴ-ում՝ նախկին հայ գերի Արթուր Բադալյանի գործով

Posted in Մամուլի ասուլիսներ, Նորություններ | Comments Off on Զարգացումներ ՄԻԵԴ-ում՝ նախկին հայ գերի Արթուր Բադալյանի գործով

Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի բողոքը Եվրոպական Դատարանի կողմից ընդունվել է վարույթ

111

2015 թվականի նոյեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է գործի էական հանգամանքների և դիմումի ընդունելիության վերաբերյալ հարցեր ուղղել Ադրբեջանի կառավարությանը՝ Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով, որի մասին տեղեկացրել է Արթուր Բադալյանի ներկայացուցիչ` «Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանին:

Արթուր Գրիշայի Բադալյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: 2009 թվականի մայիսի 9-ին Արթուր Բադալյանն իր 4 ընկերների հետ մեկնել է Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի մոտակա անտառ՝ ծառի սունկ հավաքելու և, մոլորվելով անտառում, գերի ընկել Ադրբեջանի Հանրապետությանը: Դիմումատուի գերի ընկնելու մասին Հայաստանի Հանրապետությունում անմիջապես չեն իմացել և Արթուր Բադալյանին համարել են անհայտ կորած: Մինչև 2010 թվականի նոյեմբեր ամիսը ադրբեջանական կողմը հերքել է Արթուր Բադալյանի՝ իրենց մոտ գտնվելու փաստը:

Միայն 2010 թվականի նոյեմբերի 8-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով տեղեկություն է ստացվել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները 2010 թվականի նոյեմբերի 5-ին այցելել են Արթուր Բադալյանին Բաքվի  ռազմական ոստիկանության մեկուսարաններից մեկում, ինչի մասին տեղեկացվել է Տավուշի քննչական բաժանմունքը: 2011 թվականի մարտի 17-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների փոխանակում: Փոխանակման արդյունքում հայկական կողմին է հանձնվել Արթուր Բադալյանը:

Արթուր Բադալյանն Ադրբեջանի Հանրապետությունում 22 ամիս գերության ընթացքում artur-badalyanԱդրբեջանի հատուկ ծառայությունների և զինվորականների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, որի ժամանակ նրան երեսով դեպի հատակը գետնին գցած վիճակում հիմնականում հարվածել են ոտքերին, որի արդյունքում նա երկար ժամանակ իր ոտքերը չի զգացել և չի կարողացել քայլել, նրա մատներին էլեկտրական հոսանք են միացրել և այդպես ցավեր պատճառել, նրա խցի դուռը անընդհատ մետաղյա իրերով թակել են, ինչի արդյունքում նա մինչ այժմ ձայներ է լսում, նրան հիմնականում քաղցած են պահել, թույլ չեն տվել զուգարանից օգտվել, այդ պատճառով նա ստիպված խցում է զուգարան գնացել և այլն:

Ադրբեջանական իշխանությունները՝ ի դեմս հատուկ ծառայությունների և զինվորականների, պնդել են, որ Արթուր Բադալյանը հանդիսանում է զինվորական, նրանք խոշտանգումների միջոցով փորձել են նրանից ռազմական նշանակություն ունեցող արժեքավոր տեղեկություններ ստանալ, ինչը բնականաբար տեղի չի ունեցել՝ այն պարզ պատճառով, որ Արթուր Բադալյանը քաղաքացիական անձ է, սովորական գյուղացի, ով որևէ ռազմական կամ այլ պետական տեղակատվության չի տիրապետում:

Արթուր Բադալյանը պնդում է, որ Ադրբեջանական իշխանությունները՝ ի դեմս հատուկ ծառայությունների և զինվորականների, երկար ժամանակ իրեն ենթարկել են խոշտանգումների, անմարդկային դաժան վերաբերմունքի, որը մեղմացել է այն ժամանակ, երբ նրանք համոզվել են, որ գործ ունեն քաղաքացիական անձի, սովորական գյուղացու հետ, ով ոչ մի կապ չունի ռազմական գործի հետ:

Խոշտանգումների արգելումը նախատեսված է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով, որը ադրբեջանական կողմը խախտել է՝ Բադալյանին 22 ամիս շարունակաբար խոշտանգելով:

2011 թվականից մինչ օրս Արթուր Բադալյանը տառապում է լուրջ հիվանդություններով, պարբերաբար ստանում ստացիոնար բուժում հիվանդանոցներում: Այդ հիվանդությունները գերության մեջ կրած անմարդկային տառապանքների ուղղակի հետևանք են:

Արթուր Բադալյանը պնդում է, որ իր գերեվարման առաջին օրվանից մինչև հայկական կողմին հանձնելը երբևէ Ադրբեջանի իրավասու դատարանի առջև չի կանգնել, նրա ազատությունից զրկելու հարցը որևէ դատարանում չի քննարկվել և նա շուրջ 22 ամիս ազատությունից զրկված է եղել առանց Ադրբեջանի իրավասու դատարանի որոշման:

Նա նաև պնդում է, որ որևէ իրական հնարավորություն չի ունեցել իր ազատությունից զրկված լինելու և պարբերաբար խոշտանգումների ենթարկվելու հանգամանքը ECHR picԱդրբեջանի իրավական պաշտպանության միջոցներով կամ դատական կարգով վիճարկելու համար: Այսպիսով խախտվել է ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-4 կետերը:

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հետևյալ հարցադրումներն է հղել Ադրբեջանի կառավարությանը` սահմանելով 2016 թվականի մարտի 8-ը որպես վերջնաժամկետ հարցերի պատասխանները ներկայացնելու համար.

  1. Արդյո՞ք դիմումատուի ազատությունից զրկումը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Մասնավորապես, 2009 թվականի մայիսի 9-ից 2011 թվականի մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում նրա ազատությունից զրկումը համապատասխանե՞լ է արդյոք մատնանշված 5-րդ հոդվածի 1-ին մասի որևէ ենթակետին:
  2. Արդյո՞ք դիմումատուն իրեն հասանելի լեզվով տեղեկացվել է իր ազատությունից զրկվելու պատճառների և առաջադրված մեղադրանքի մասին, ինչպես դա պահանջում է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ մասը:
  3. Արդյո՞ք դիմումատուն տարվել է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, ով օրենքի ուժով լիազորված է դատական գործառույթներ իրականացնել, ինչպես դա պահանջվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:
  4. Արդյո՞ք դիմումատուին հասանելի են եղել արդյունավետ մեխանիզմներ, որոնց միջոցով վերջինս կարող էր վիճարկել իր կալանավորման օրինականությունը, ինչպես դա պահանջում է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը:
  5. Արդյո՞ք դիմումատուն ենթարկվել է խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, որի արգելքը նախատեսված է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածով:

Ադրբեջանի կառավարության ներկայացրած պատասխանները կուղարկվեն ՀՀ Կառավարությանը, որն այս գործի շրջանակներում ներգրավվել է որպես երրորդ կողմ, և Արթուր Բադալյանի ներկայացուցչին` իրենց դիտարկումները ներկայացնելու նպատակով:

 

 

 

Posted in Մամուլի հաղորդագրություններ, Նորություններ | Comments Off on Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի բողոքը Եվրոպական Դատարանի կողմից ընդունվել է վարույթ

ԵԽ-ն հորդորում է Հայաստանին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

n_94458_1

Ըստ Եխ փորձագետների, Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է արդյունավետ դարձնել փողերի լվացման դեմ իրավապահների պայքարը։
Եվրախորհրդի փորձագետները գտնում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները շատ անբավարար մակարդակի վրա են գտնվում, և Հայաստանի իշխանություններին հորդորում են անհապաղ միջոցներ կիրառել՝ ապահովելու համար, որ իրավապահների ջանքերը լիովին համապատասխանեն փողերի լվացման ռիսկերին, որոնք ծառացած են երկրի առաջ։
«Խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը և յուրացումները փողերի լվացման ամենաբարձր ռիսկերն են։ Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Ֆինանսական ուսումնասիրությունները շատ արդյունավետ են, սակայն իրավապահները հաճախ արդյունավետ չեն օգտագործում դրանք՝ փողերի լվացումից հանցավոր եկամուտները ապացուցելու, հետևելու, ձերբակալելու և բռնագրավելու համար», – նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Նաև նշված է, որ կանխարգելիչ միջոցների առումով՝ Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել իրավական ամուր բազա ստեղծելու, ինչպես նաև ֆինանսական համակարգը արդյունավետ դարձնելու գործում: «Ահաբեկչության ֆինանսավորումը հայտնաբերելու և կանխարգելելու համար մեխանիզմները բավականին արդյունավետ են», – նշում է Եվրոպայի խորհուրդը։
Այս գնահատականները տեղ են գտել Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցի հիմնական եզրահանգումների շարքում։ Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովը գնահատում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ կիրառվող միջոցները, դրանց դեմ տարվող պայքարը։
Զեկույցը վերլուծել է 2009 թվականից՝ վերջին գնահատման զեկույցից մինչև հիմա Հայաստանի հանձնառությունների իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, ինչպես նաև գործողությունների պլան է առաջարկում թերությունները վերացնելու համար։
Նախատեսվում է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանը ներկայացնելու է իր զեկույցը Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովին, իսկ մինչ այդ՝ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը միջանկյալ զեկույց է ներկայացնելու գործողությունների պլանի իր մոտեցումների մասին։

Ամբողջական զեկույցը ներբեռնել այստեղ MONEYVAL(2015)34_5thR_MER_Armenia

Posted in Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներ, Նորություններ | Comments Off on ԵԽ-ն հորդորում է Հայաստանին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

ՄԻԵԴ որոշում է կայացրել Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով

ECHR

“Ռազմավարական դատավարությունների կենտրոն” ՀԿ փորձագետների ջանքերով նախապատրաստվել և հետևողականորեն վարվել է պարոն Ղույումչյանի գործը ՄԻԵԴ-ում: Այսօր ՄԻԵԴ որոշում կայացրեց Ղույումչյանի գործով:

Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի (դիմում no. 53862/07) գործով դիմումատուներն են Գարեգին Ղույումչյանի (Գարեգին Ղույումչյանը մահացել է նախքան սույն գործը ՄԻԵԴ ուղարկեը) որդին`Վահան Ղույումչյանը, վերջինիս կինն ու մայրը: Նրանք համապատասխանաբար ծնվել են 1965, 1973 և 1947 թվականներին, Վանաձոր քաղաքում: Ղույումչյանների փաստաբանն է Էդմոն Մարուքյանը:

Սույն գործի իրավական վերճը կապված է ՀՀ վճռաբեկ դատարանի մատչելության հետ: Մասնավորապես դիմումատուն ի վիճակի չլինելով իր գործով վճռաբեկ բողոք բերելու համար օգտվել փաստաբանի ծառայություններից` զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից:

Գարեգին Ղույումչյանն ու իր կինը` Գյուլնազ Ղույումչյանը վարում էին ընտանեկան փոքրիկ ձեռնարկություն, երբ 2002 թվականի հուլիսին Գարեգին Ղույումչյանը մեղադրվեց կաշառք վերցնելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերին մեղադրանքը հանվեց` ապացույցների բացակայության հիմքով: 2004 թվականին ընտանիքը վաճառեց ձեռնարկությունը, իսկ Գարեգին Ղույումչյանը դատական գործընթաց նախաձեռնեց` պահանջելով արդարացի փոխհատուցում իրեն առաջադրված անհիմն մեղադրանքների համար: Գարեգին Ղույումչյանը չուներ փաստաբան և նրա կողմից վճռաբեկ դատարան ներկայացված դիմումը վերադրձվեց այն պատճառաբանությամբ, որ վերջինս ներկայացված չէր ՀՀ Վճռաբեկ դատարանում արտոնագրված փաստաբանի կողմից, ինչպես դա պահանջում էր օրենքը:

Հղում կատարելով ՄԻԵԿ  6 § 1 (դատարանի մատչելիություն), դիմումատուն պնդում է, որ վերջինիս վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը սահմանափակվել է, քանի որ ինքը միջոցներ չի ունեցել օգտվելու համար արտոնագրված փաստաբանի ծառայություններից:

Սույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է Վահան Ղույումչյանի (Գարեգին Ղույումչյանի որդու) դատարանի մատչելիության սկզբունքը` երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  6 § 1-ով: Դատարանը վճռել է, որ Հայաստանի Հանրապետությունը Վահան Ղույումչյանին պիտի վճարի 3600 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում:

http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160090

Posted in Նորություններ | Comments Off on ՄԻԵԴ որոշում է կայացրել Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով